Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասական իմաստով Հայաստանում մենաշնորհների հետ գործ չենք ունենում». Աշոտ Եղիազարյան

Սեպտեմբեր 15,2016 21:30

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի գնահատմամբ, մենաշնորհի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է տնտեսական մեծ տարածություն, մեծ թվով խաղացողներ: Բայց ըստ նրա, դասական իմաստով Հայաստանում մենաշնորհների հետ գործ չենք ունենում:

«Գործ ենք ունենում իշխանական ռեսուրսները կենտրոնացրած սուբյեկտների հետ, որոնք, շուկաներում ունենալով իշխանություն, կարողանում են թելադրել կանոններ»,- Aravot.am-ին ասաց տնտեսագետը:

Պարոն Եղիազարյանը համամիտ չէ վարչապետ Կարեն Կարապետյանի դիտարկմանը, թե «Մոնոպոլիան միշտ չէ վատը, բնույթից է կախված, բնականո՞ն է, թե՝ ոչ: Եթե բնականոն, մրցունակ դաշտում է անում, ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, դա մեկ այլ բան է»:

Տնտեսագետի դիտարկմամբ. «Խնդիրն այն չէ, թե մենաշնորհը արհեստական է, թե բնականոն, այլ այն, թե ինչպես վերաբաշխել տնտեսական իշխանությունը, որ հնարավոր լինի ապահովել զարգացում ու բազմազանություն»:

Պարոն Եղիազարյանի համոզմամբ, պրիմիտիվ տնտեսություն ունեցող երկրում անհնար է արդյունավետ պայքար մենաշնորհների դեմ. «Դա հնարավոր կլիներ, եթե Հայաստանն ավելի մեծ տնտեսական տարածքի մաս կազմեր, նկատի ունեմ Եվրամիության ընդհանուր տնտեսական տարածքը ու կարողանար  զարգացնել արտահանման կողմնորոշված տնտեսության մոդելը, այդ դեպքում կունենայինք բազմաթիվ արտահանողներ, որոնք կմրցակցեին մեծ տնտեսական դաշտում, կհամարվեին արդյունավետ ընկերություններ, ու այդ ամենը բազմազանություն կմտցներ Հայաստանի տնտեսական լանդշաֆտում:

Սա նաեւ ենթադրում է ազատ մրցակցության ապահովում, այսինքն, արտաքին խաղի կանոնները, որոնք արդյունավետ կդարձնեին մեր արտահանող սուբյեկտներին, կձեւավորեին նաեւ ներքին տնտեսական դաշտը, այդ խաղի կանոնները կտեղափոխվեին նաեւ ներքին տնտեսական դաշտ: Այդ դեպքում կարող էինք ասել՝ ազատ մրցակցության քաղաքականություն կարող ենք իրականացնել: Քանի որ Հայաստանը զրկված է այդպիսի մոդել ունեցող տնտեսության կառուցումից, հաշվի առնելով Հայաստանի սահմանափակումները տնտեսական քաղաքականության հարցում, նկատի ունեմ այն, որ զիջել ենք արդեն ԵՏՄ պարտավորություններով, ես կարծում եմ՝ պայքարը մենաշնորհների դեմ մի քիչ ավելի իմիտացիոն բնույթ կարող է կրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930