Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում դեռ քննվում է 2013-ին Մաքսային միության դեմ բողոքի ակցիայի մասնակցի գործը

Սեպտեմբեր 15,2016 21:07

Վարչական դատարանում այսօր շարունակվեց ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Միհրան Մարգարյանի: Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել ակտիվիստին երթի բնականոն ընթացքին խոչընդոտելու համար:

Հիշեցնենք, որ Միհրան Մարգարյանը 2013 թ. դեկտեմբերի 2-ին Մաքսային միությանը միանալու դեմ կազմակերպված խաղաղ հավաքի և երթի մասնակիցներից է: Այդ հավաքի ընթացքում էլ ոստիկանությունը բերման է ենթարկել նրան ոստիկանության բաժին, ապա հայց ներկայացրել նրա դեմ` պահանջելով դատարանից վերջինիս ենթարկել վարչական պատասխանատվության: Միհրան Ավագյանը ներկայացրել է հակընդդեմ հայց` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության գործողությունները: Դատավոր Կարեն Զարիկյանը, սակայն, որոշել էր վարույթ չընդունել հակընդդեմ հայցը: Հետագայում վերաքննիչ վարչական դատարանը բավարարեց Ավագյանի բողոքը`վերացնելով վարչական դատարանի որոշումը:

Միհրան Մարգարյանի պաշտպան՝ փաստաբան Սերգեյ Գրիգորյանը ներկայացրեց իր առարկությունները՝ ներկայացված հայցապահանջի դեմ, որը վերաբերում էր խաղաղ երթի բնականոն ընթացքը խոչընդոտելու համար ակտիվիստին վարչական պատասխանատվության ենթարկելուն:  Ըստ ակտիվիստի պաշտպանի, բողոքի ակցիան արդեն իսկ խոչընդոտվել էր ոստիկանների կողմից Նալբանդյան փողոց- Սախարովի հրապարակի հատման հատվածում, ոստիկանները կենդանի շղթա էին կազմել, խոչընդոտել  երթը, հետեւաբար, արդեն իսկ խոչընդոտված երթը չէր կարող խոչընդոտվել իր պաշտպանյալի կողմից:

Դատարանն այսօր հետազոտեց նաեւ գործին վերաբերող ապացույցները, մասնավորապես Միհրանի պաշտպանի ներկայացրած տեսանյութը, որով ըստ պաշտպանի ակնհայտ երեւում է՝ ինչպես են ոստիկանները շղթա կազմած խոչընդոտում երթի ընթացքն ու իր պաշտպանյալը գտնվում էր պատվանդանի վրա ու չէր կարող խոչընդոտել ոչ երթեւեկությունը, ոչ էլ՝ բնականոն ընթացքը:

Դատարանը միջնորդեց հարցաքննել ակտիվիստին բերման ենթարկած ոստիկանին: Սերգեյ Գրիգորյանը առարկեց՝ ասելով, որ բերման ենթարկող ոստիկանը զեկուցագրում արդեն իսկ գրել է՝ ինչու ու ինչպես, պարզապես պետք է ստուգվեն նրա գրված տեղեկությունները. «Նույն բաների մասին, եթե նա ցուցմունք տա, հիմնավոր ապացույց չի կարող համարվել»:

Դատարանը, սակայն, հետաձգեց դատական նիստը, որ հաջորդ նիստին հարցաքննի բերման ենթարկած ոստիկանին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930