Սեպտեմբերի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարության եւ անձնակազմի հետ:
Ոստիկանության պետն անդրադարձավ հուլիսի դրամատիկ իրադարձություններին, այդ օրերին ՊՊԾ գնդի ծառայողների գործողություններին եւ ընդգծեց պարտքի կատարման գիտակցման կարեւորությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներում կարգապահության հետագա ամրապնդման, աշխատանքային մեթոդների կատարելագործման, նաեւ կադրային փոփոխությունների միջոցով դեռեւս առկա որոշ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությանը եւ վերահաստատեց նոր ոստիկանության կազմավորման իր սկզբունքային մոտեցումները:
Կարդացեք նաև
Ամփոփելով խորհրդակցությունը` Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց` պարեկապահակետային գնդի ղեկավարներին ու ծառայողներին մեկ անգամ եւս պատվիրելով առաջնորդվել օրենքի գերակայության պահպանման, պրոֆեսիոնալ հմտությունների կատարելագործման, իրավապահի բարոյական պատասխանատվության եւ անդավաճան զինակցության սկզբունքներով:
ՀՀ ոստիկանություն