Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշ կուսակցություններ, ձևանալով նոր ու առաջադեմ, իրականում կլանային են ու հնամաշ գործելաոճով». Մամիկոն Ասլանյան

Սեպտեմբեր 15,2016 20:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձորում քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մեջ մտած թեկնածուները ահազանգում են անհավասար պայմաններում քարոզարշավի ընթացքի և մի շարք խախտումների մասին:

«Լուսավոր Հայաստանի» ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը ևս նման դժգոհություններ ունի:

Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, թե իշխող կուսակցությունն այս ընտրություններին կիրառում է բոլոր հին մեթոդները. «Հիմա ռեալ վտանգ կա պարտության, հետևաբար մեթոդների ընտրություն չեն անում. բոլոր մեթոդները գործի են դրել, որ ապահովեն հաղթանակ: Հաշվի չեն առնում, որ այդ ամենն իրենց դեմ է տրամադրում մարդկանց»:

Պարոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը տարբեր հանդիպումներ է իրականացնում դպրոցներում տարբեր միջոցառումների անվան ներքո, իբր ոչ նախընտրական. «Այդ ինչպես է լինում, որ միայն իշխանական կուսակցության ներկայացուցչին են հրավիրում այդ հանդիպումներին, իսկ մեզ բանավոր կերպով ասել են, որ դպրոցներում հանդիպումներ կարող ենք ունենալ ժամը 17.00-ից հետո, երբ մարդ չկա դպրոցում»:

christ-marukyan

Սակայն Քրիստ Մարուքյանը հավաստիացրեց, որ դա իրենց չի խանգարելու շարունակել քարոզարշավը. «Օրենքով հասանելի բոլոր միջոցները պիտի օգտագործենք, որ մեր ձայնն ու խոսքը տեղ հասնի: Իսկ եթե այդ խոչընդոտներն այս տեմպով շարունակեն, մենք երաշխավորված հաղթանակ կունենանք»:

Քաղաքական ընդդիմախոսների բարձրացրած խնդիրները փոխանցեցինք Վանաձորում ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող, Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մտած Մամիկոն Ասլանյանին:

Հրապարակները «ռեզերվ» անելու մասին մտահոգություններին ի պատասխան պարոն Ասլանյանը պարզաբանեց. «Առաջինը հրապարակային իրազեկման համար դիմել է «Լուսավոր Հայաստանը» և ստացել է թույլտվություն: Հենց մեր շտաբի կողքին իրենց քարոզարշավը սկսելու հնարավորություն ունեցան` Արցախ հրապարակից` սեպտեմբերի 9-ից: Մյուս կուսակցություններն այդ պահին դիմած չեն եղել: Ասեմ նաև, որ օրենքի շրջանակներում իրազեկման համար դիմում է կուսակցությունը, և Մամիկոն Ասլանյան անհատը դրա հետ որևէ կապ չունի»:

Նա նշեց, որ հետագայում հայտարարությամբ են հանդես եկել` տեղեկացնելով, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք իրազեկման դիմում կներկայացնեն, բոլորին ներողամտորեն կտրամադրեն հարթակ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արամ Խաչատրյանի այն դժգոհությանը, թե ընդդիմադիր թեկնածուների նախընտրական պաստառները պոկում են, պարոն Ասլանյանը պատասխանեց մտահոգությամբ. «Իմ պաստառներն էլ են պոկում` սկսած մեր շենքի դիմաց փակցված` իմ պաստառից: Մենք մեզ թույլ չենք տա նման բան, հո երեկվա երեխան չե՞նք, որ նկար պոկենք»:

Լուրեր տարածվեցին, որ Վանաձորի գազալցակայաններում Մամիկոն Ասլանյանին ընտրելու պայմանով գազի գինն իջեցրել են: Այս առիթով ՀՀԿ-ի թեկնածուն ասաց. «Ում մասին, որ գրել են, այդ մարդը ժամանակ առ ժամանակ նման ակցիաներ արել է: Նա բարերար է, իսկ եթե դա քաղաքական շրջանի հետ է համընկել, ի՞նչ անենք: Չեմ կարծում, թե գազի լիցքավորման ժամանակ ինչ-որ մեկին ասում են, որ դա ինձ համար են անում: Տոների հետ կապված հազար ակցիաներ կան: Ինքս չեմ ուզում անել նման բաներ, թեև ընկերներս մշտապես իրենց աջակցությունն են առաջարկում ոչ միայն ինձ, այլև վանաձորցիներին: Չեմ ուզում մեկի խոսքը շարժել, առանց այդ էլ չեղած, հիստերիկ բաներ եմ նկատել: Մարդիկ իրենց առաջ խնդիր են դրել, որ այս ամենին հաղորդեն ինչ-ինչ նախընտրական խախտումներ: Ես ինքս իրավաբան եմ, հիմնավոր իրավաբանական գիտելիքներ եմ ստացել ու, փառք աստծո, ես իրավական դաշտում աշխատած մարդ եմ, ինքս իմ շուրջը թույլ չեմ տա նման երևույթներ, դա իմ ոճի մեջ չէ»:

Այն, որ պետական հիմնարկների աշխատակիցները խուսափում են այլ թեկնածուների հետ հանդիպել` պատճառաբանելով, թե կկորցնեն իրենց աշխատանքը, պարոն Ասլանյանը դա նրանց խնդիրն է համարում. «Ես ի՞նչ անեմ, որ գնում են բակային հանդիպման, իրենք են իրենց հետ մարդ տանում: Տեսանյութ կար հրապարակված, որտեղ պետական դպրոցներից մեկում երևում էր, որ «Լուսավոր Հայաստանն» իրազեկում էր փակցրել, որը արգելված երևույթ է»:

Քրիստ Մարուքյանի այն մտահոգությանը, թե անգամ դպրոցներ են հրավիրում Մամիկոն Ասլանյանին, ՀՀԿ-ական թեկնածուն այսպես պատասխանեց. «Ես ինքս եմ մի որոշ ժամանակ առաջ հովանավորել, որ կանգնեցվեն մեր զոհված երեխաների կիսանդրիները: Բացումն էին անում, ի՞նչ է` չգանա՞յի: Այդ օրը նույնիսկ դպրոցի տնօրենն ինձ չներկայացրեց որպես ՀՀԿ թեկնածու: Ես հանդիպումների գնում եմ բացառապես կամ ընդմիջման ժամին, կամ աշխատանքից հետո, կամ էլ որևէ մեկի աշխատանքային պրոցեսը չխանգարելու պայմանով»:

Իսկ այն պնդումներին, թե իշխանականները խաբում են հանրությանը, իբր թե թեկնածուին են ընտրելու, ոչ թե կուսակցությանը, պարոն Ասլանյանն արձագանքեց. «Իշխող կուսակցությունը կայուն կուսակցություն է և ոչ թե մոլորության մեջ է գցում, այլ մոլորություն տարածողներն են մոլորության մեջ: Մենք ներկայացնում ենք, որ այս ընտրություն արդյունքում Վանաձորն ունենալու է քաղաքապետ, այլ ոչ թե կուսակցապետ և ծառայելու է վանաձորցիներին: Ի՞նչ է` սխալ բան ենք ասե՞լ: Ի՞նչ կա այդտեղ խաբելու կամ մոլորեցնելու: Զարմանալի է նման բան լսելը, քանզի հենց իրենք են նախընտրական ողջ արշավը կառուցել ոչ թե կուսակցության, այլ անհատի շուրջ, ավելի ճիշտ, զույգ-եղբայրների շուրջ: Իրենք են ներկայանում անհատական քարոզչական միջոցներով, իրենք են կուսակցական իրազեկման անվան տակ ժամանակից շուտ սկսել անհատական քարոզարշավը: Մի խոսքով, կողմ լինելով քաղաքական առողջ պայքարին, ափսոսանքով փաստեմ, որ որոշ կուսակցություններ, ձևանալով նոր ու առաջադեմ, իրականում կլանային են ու հնամաշ գործելաոճով»:

Զրույցի ավարտին Մամիկոն Ասլանյանն իրեն քննադատողներին դիմեց կոչ-խնդրանքով, որ Վանաձորը բաժան-բաժան չանեն, բոլոր կամուրջները չայրեն, քանի որ հոկտեմբերի 2-ին հետևելու է հոկտեմբերի 3-ը, և վանաձորցիները նորից իրար նայելու են ոչ կուսակցական ակնոցներով: Մամիկոն Ասլանյանը փաստեց, թե ընտրությունները պարբերական են, իսկ վանաձորցիները հարատև են և նրանք բաժան-բաժան չպետք է լինեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930