Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում, քաղաքապետի պաշտոնի համար թեժ ընտրապայքար է ծավալվել․ այստեղ, ինչպես հայտնի է, մրցում են երկու մեծ շրջապատ ունեցող տղամարդիկ՝ մեկը ԱԺ պատգամավոր, անկուսակցական Մուշեղ Պետոյանն է, մյուսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանն է։ Հիշեցնենք, որ 2012 թվականի ԱԺ ընտրություններում Մուշեղ Պետոյանը, որն այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանի կուսակցության՝ ԲՀԿ-ի անդամ էր, հաղթեց ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանին, Արթիկի ոստիկանապետի եղբորը՝ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանին ու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին։
Ինչևէ, արթիկցիների հավաստմամբ, Մուշեղ Պետոյանին քաղաքապետի պաշտոն խոստացել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նույնիսկ այնպես էին բանակցել, որ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանը չառաջադրի իր թեկնածությունը, որպեսզի չխանգարի Մուշեղ Պետոյանին։ Իսկ այժմ, արթիկցիների ասելով, վարչապետի փոփոխությամբ կարծես իրավիճակ է փոխվել իրենց քաղաքում։ Արթիկցիների պնդմամբ, Վարագյանները որոշակի կապեր ունեն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ․Մխիթար Վարագյանի եղբայրը՝ Խաչատուր Վարագյանը, նախքան Արթիկի քաղաքապետ դառնալը աշխատել է «Հայռուսգազարդ»-ում, որի ղեկավարը Կարեն Կարապետյանն էր։ Քաղաքապետ չընտրվելուց հետո այժմ էլ գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղը։
Ինչևէ, Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից։ Նշենք, որ թեև Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ական է, սակայն «Հանրապետական» կուսակցությունը Արթիկի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Մուշեղ Պետոյանի թեկնածությունը։ Մեր հարցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը փոխե՞լ է իրավիճակը Արթիկի ՏԻՄ ընտրություններում, հնարավո՞ր է այժմ էլ ՀՀԿ-ն սատարի Մխիթար Վարագյանին, Սահակ Մինասյանն ասաց․ «Քաղաքական մարմնի որոշումը բացարձակապես կապ չունի գործադիր մարմնում կատարված, սպասվող փոփոխությունների հետ։ ՀՀԿ-ն ինքն է առաջադրել Մուշեղ Պետոյանի թեկնածությունը»։
Մեր հարցին՝ մի՞թե Մխիթար Վարագյանը լքել է ՀՀԿ-ի շարքերը, որ նրան առաջադրելու փոխարեն անկուսակցական Մուշեղ Պետոյանին են առաջադրել, Սահակ Մինասյանն ասաց, որ Մխիթար Վարագյանը ՀՀԿ անդամ է, սակայն ինքնառաջադրմամբ է մասնակցում Արթիկի ՏԻՄ ընտրություններին։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի կանխատեսմամբ էլ թեժ ընտրություններ են սպասվում Շիրակի մարզի մի քանի համայնքներում, դրանցից մեկը Արթիկն է, որը, մարզպետի բնութագրմամբ ամենաքաղաքականացված քաղաքն է։ Ըստ նրա, ընտրությունները թեժ կլինեն Գյումրիում, քանի որ վերջին հաշվով 10 կուսակցություններ ու մեկ դաշինքն են մասնակցում, Փանիկում ու խոշորացված համայնքներում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ