Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է, որ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող միայնակ օտարերկրացիներին չթույլատրել օգտվել Հայաստանում փոխնակ մոր ծառայություններից:
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու դեպքում ամուսիններից առնվազն մեկը պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը: ԴՆԹ թեստ պետք է արվի եւ հաստատվի նրա ծնող լինելը:
Փոխնակ մայր չի կարող լինել նախկինում արդեն 2 անգամ նման կարգավիճակով հանդես եկած մեկը:
Ավելի ուշ պարոն Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել օրենքում փոփոխություն կատարել եւ արգելել օտարերկրացիներին ՀՀ-ում փոխնակ մոր ծառայությունից օգտվել, եթե սահմանված կարգով չեն ամուսնացել: Նա ասաց, որ ՀՀ-ում ընտանիք կարող են կազմել միայն կինը եւ տղամարդը. «Սա իրականություն է, եւ խուսափելու համար մնացած բոլոր բարդություններից, մենք մերժել ենք մեկ անհատի՝ օտարերկրացու՝ այստեղ այդ ծառայությունից օգտվելու հնարավորությունը»:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շատ գոհ էր այս փոփոխությունից. «Հայաստանում ծնված երեխաները պետք է ապրեն նորմալ, հայկական քրիստոնեական արժեհամակարգում, եւ չլինեն ընտանիքներում, որտեղ կա…եւ այլն, էլի, հասկացաք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ