Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի շուկան կաշխուժանա նոյեմբերին, երբ «խոպանչիները» վերադառնան

Սեպտեմբեր 15,2016 17:57

Անշարժ գույքի շուկան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնային առումով էական տարբերությունների չի ենթարկվել: Սակայն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող մասնագետ Կ. Համբարյանը, տարեցտարի ավելի դժվարությամբ են բնակարաններ վաճառվում, ինչը, մասնագետի համոզմամբ, պայմանավորված է գնողունակության անկմամբ: Ըստ բրոքերի, ավելի շատ տուն են վաճառում, քան գնում:

Նրա համոզմամբ, այս շուկան կաշխուժացնեն ցածր տոկոսներով հիպոթեքով վարկերը, որոնց տոկոսադրույքը տասնյակ տարիներ է՝ էական փոփոխության չեն ենթարկվում:

Մեր զրուցակցի խոսքերով, շուկան աշխուժանում է նոյեմբեր ամսին` խոպանչիների վերադարձով պայմանավորված:

«Այդ սեզոնին տներ վաճառվում են եւ գնվում հիմնականում ծայրամասերում, եւ սպառվում են միջին գներով բնակարանները` մինչեւ 40-45 հազար դոլարի սահմաններում»,-ասաց Կարեն Համբարյանը:

Ըստ նրա, տուն գնելիս մարդիկ սկսել են մի շարք գործոններ հաշվի առնել, որոնք նախկինում էական չէին: Կան գնորդներ, որոնք ավելի ցածրադիր գոտիներում են բնակարան փնտրում, օրինակ` Հարավ-արեւմտյան թաղամասում կամ Շենգավիթ համայնքում, Նորագավիթում, Էրեբունիիում, որ ձմռանն ավելի քիչ գազ ու էլեկտրաէներգիա սպառեն: Քաղաքի այս հատվածներում ձմեռը շուտ է նահանջում` ի տարբերություն Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ Զեյթուն համայնքների:

Կամ, եթե նախկինում ցածր հարկերն էին ավելի հարգի եւ թանկ գնահատվում, ներկայումս բարձր հարկերին են նախապատվությունը տալիս` մասնավորապես նորակառույցներում, որոնց գինն ավելի բարձր է լինում:

Մեր զրուցակցի խոսքերով, ցածրադիր գոտիներում բացառությամբ կենտրոնի, բնակարանների գները սկսվում են միջինը 18-20 հազար դոլարից: Սա մեկ սենյականոցի գինն է: 2-3 սենյականոցները վաճառվում են 30-40 հազարով` կախված աշխարհագրական դիրքից, այսինքն` բնակարանն առաջնագծում է, թե երկրորդական փողոցում, որքան է հեռավորությունը կանգառից, տարածքում կան խանութներ, մանկապարտեզ ու դպրոց եւ, իհարկե, բնակարանի վիճակից: Կարեն Համբարյանը նաեւ ասաց, որ վերջին տարիներին շատ վաճառողներ գերադասում են գույքն էլ հետը վաճառել:

Արաբկիր համայնքը, նույնպես դասվում է էլիտար թաղամասերի շարքին: Այստեղ տների գները նույնպես առանձնապես չեն նվազում, բայց, Կ. Համբարյանի խոսքերով, տների առուվաճառքը նախկինի պես աշխույժ էլ չէ. «2-3 սենյականոց բնակարանը Արաբկիրի բանուկ հատվածներում 60-70 հազար դոլար է` կախված բնակարանի վիճակից»:

Անշարժ գույքի մասնագետն ասաց, որ այս համայնքում վարձով տների գինը նույնպես չի նվազում, ընդհակառակը, գնաճով պայմանավորված, վարձակալության գները մի բան էլ բարձրացել են:

Նախորդ տարիներին, երբ այս շուկան համեմատաբար աշխույժ է եղել, Կ. Համբարյանն ասաց, որ մարդիկ սկսել էին ավելի շատ առանձնատներով հետաքրքրվել` թեկուզ ոչ այնքան թանկ արժողությամբ: Այդ հանգամանքով էլ պայմանավորված, շուկայում ի հայտ եկան «մինի» կառուցապատողներ, որոնք հողատարածքներ էին գնում եւ 50-60 հազար դոլար արժողությամբ առանձնատներ կառուցում: Անշարժ գույքի շուկան պասիվանալուց հետո այդ կառուցապատողների կառուցած տներն էլ գրեթե չեն սպառվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930