Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի հանձնակատարը քննադատում է Ադրբեջանին». Դավիթ Բաբայան

Սեպտեմբեր 15,2016 17:33

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ կառույցի հետ լիարժեք չհամագործակցելու համար: «Միջազգային փորձագետները մինչ այժմ չեն կարողանում մտնել Լեռնային Ղարաբաղ»,- այս հրապարակումը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը ադրբեջանական կայքի նյութի թարգմանություն է համարում:

Նա վստահեցնում է, որ հանձնակատարի հայտարարության մեջ նման բան չկա, «Այդ տեքստի բնօրինակում որեւէ տեղ չկա հայտարարություն, որ ՀՀ-ն կամ Արցախը խոչընդոտում են հանձնակատարի փորձագետների մուտքը Արցախ: Նման բան չկա գրած: Բայց հայկական որոշ լրատվամիջոցներ վերցրել են ադրբեջանական կայքերի թարգմանություններ ու հայերենով ներկայացրել: Ուզում են սեփական երկիրը քննադատե՞լ, օգո՞ւտ, թե՞ հաճույք են ստանում: Ադրբեջանը իր ձեւով է մեկնաբանել հանձնակատարի այդ հայտարարությունը, հայկական լրատվամիջոցներն էլ դա են հիմք վերցրել»:

Պարոն Բաբայանը վստահեցնում է՝ հանձնակատարը չի ասել, թե Հայաստանն է խոչընդոտում ԼՂ հակամարտության գոտում աշխատանքներին կամ թե Հայաստանը չի համագործակցում իրենց հետ. «Ընդհակառակը, հանձնակատարն իր հայտարարությամբ, մատնանշում է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը փախստականների հարցում, իսկ դուք գիտեք, որ Ադրբեջանում կան ճամբարներ, որտեղ հոլիվուդյան եւ բոլիվուդյան ոճով մարդիկ են գտնվում՝ նկարահանվելու համար, նրանք լացում են, ճչում են, թե իրենց տները փոխել են, այդտեղ տարբեր փորձագետներ այցելել են: Իսկ երբ հանձնակատարն ասում է, թե չենք կարողանում տեսնել իրավիճակը, սա նշանակում է՝ ընդունում են՝ ադրբեջանցիների արածը շոու է եւ այդ ճամբարներ այցելելիս անհնար է իրավիճակը պատկերացնել: Սա սկիզբն է այն քննադատությունների, որը պետք է ՄԱԿ-ը տանի Ադրբեջանի հասցեին: Փաստորեն ՄԱԿ-ը Արցախի հետ համագործակցելու հայտ է ներկայացնում»:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի փորձագետների այցին Արցախ, ըստ պարոն Բաբայանի. «Նրանք այցելել են հակամարտության գոտի, օրինակ՝ 2004-ին նրանք ազատ եկել ու ծանոթացել են իրավիճակին: Մենք միշտ բաց ենք ցանկացած համագործակցության: Պաշտոնական Ստեփանակերտն ասում է, թե չճանաչվածությունը չի կարող հիմք լինել, որ մարդասիրական ոլորտում Արցախը համագործակցի տարբեր պետությունների ու կազմակերպությունների հետ: Կրկնում եմ՝ ՄԱԿ-ի հանձնակատարի այս հայտարարության մեջ դրական ուղերձներ ենք տեսնում՝ Ադրբեջանին քննադատում են, ՄԱԿ-ը հայտնում է, որ պատրաստ է համագործակցել Արցախի հետ»:

Մեր հարցին՝ ինչու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ավելի հստակ չասաց, որ օրինակ ադրբեջանական կողմն է խոչընդոտներ ստեղծում, պարոն Բաբայանը պատասխանեց. «Այլ խնդիր է, կամաց-կամաց գնալու են դրան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930