Անցյալ տարի ՌԴ-ի նախագահի պահանջով Ռուսաստանում գրականություն առարկայի քննությունների թեստային համակարգից անցան շարադրություն և փոխադրություն գրելուն ու բանավոր քննություններին: Այսօր Հայաստանում ևս այդպես կվարվեն: Կլինեն մարդիկ, որ մեզ կմեղադրեն ինքնուրույնության կորստի համար:
Սպասվող մեղադրանքը կանխելու նպատակով ասեմ, որ դեռևս «Առավոտ»ժի 22.08.2009 թ. համարում լույս տեսավ իմ «Ընթերցասիրության սպանդը» վերնագրով մեծածավալ հոդվածը: Այստեղ գրված է. «ԿԳ նախարարության ջանքերով աշակերտի համար գրականության նշանակությունը դրսևորում է որպես անհրաժեշտ միավորներ ձեռք բերելու միջոց: Չի ստուգվում բանաստեղծություններից և գեղարվեստական արձակից հաճույք ստանալու, կարդացածից ազդվելու, դրանով կյանքում առաջնորդվելու և այլ որակների ձևավորվածությունը: Գրականության ուսուցչի աշխատանքը գնահատվում է միասնական քննությունների համար կազմված թեստերով:Այդ թեստերը ստիպում են ուսուցչին մտածել ոչ թե ընթերցասիրություն դաստիարակելու,այլ սովորեցնել ընտրել թեստային ճիշտ պատասխանը: Օրինակ, կա այսպիսի թեստ. «Որտեղ է ծնվել Հրանտ Մաթևոսյանը.
1.Դսեղում,
2.Ահնիձորում,
Կարդացեք նաև
3.Ծմակուտում
4.Անտառամեջում:
Սրանով ավարտվում է աշակերտների հիշողության մեջ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների թողած տպավորության ստուգումը:
Իսկ Տերյանի թողածը ստուգվում է «Որ բանաստեղծությամբ է ավարտվում Վ. Տերյանի «Մթնշաղի անուրջներ» շարքը.
1.Գարնանամուտ,
2.Աշնան երգ
3.Իջնում է գիշերն անգութ ու մթին,
4 Հրաժեշտի գազել» թեստով:
Հոդվածն ավարտվում է այս տողերով. «Ժամանակն է հատուկ քննարկման առարկա դարձնել նման թեստերի կառուցման և կիրառման պրակտիկան: Գեղարվեստական գրականության դասավանդման արդյունավետությունը անհնար է ստուգել թեստերով;Ավելի լավ ընդհանրապես չստուգել, քան կկիրառել թեստերը»:
Թեստերի վնասաբերությունը հիմնավորող հոդվածի հրապարակումից անցած վեց տարիների ընթացքում չեղավ որևէ արձագանք: Գրականության հազարավոր ուսուցիչներից մեկն անգամ չհամարձակվեց հակադրվել թեստային համակարգի հիմնական արարող ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին:
Լռեցին նաև գրականության և կրթության ազգային ինստիտուտները, մանկավարժական բուհերի հայ գրականության ամբիոնները, «Հայոց լեզու և գրականություն» ամսագիրը:
Սա արդեն ազգային աղետ է: Վեց երկար ու ձիգ տարիների ընթացքում ՀՀ ԿԳ նախարարությունը դպրոցին և կրկնուսույցներին ստիպում էր այդպես աշխատել, հիանալի պայմաններ ստեղծելով շահավետ խարդախությունների համար, վարկաբեկելով գեղարվեստական գրականությունը:
Հիմա այդ ամենի համար ՀՀ ԿԳ նախարարության պատասխան տալու ժամանակն է: ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է դրսևորի համարժեք վերաբերմունք այդպես աշխատող ՀՀ ԿԳ նախարարության նկատմամբ:
Սերգեյ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՍՀՄ մանկավարժագիտության դոկտոր