Սեպտեմբերի 19-ին, «Արթբրիջ»-ում կկայանա Արմեն Հայաստանցու (Օհանյան) «Մայրենիք դրոշ» գրքի շնորհանդեսը:
«Առավոտի» հետ զրույցում գրողը նշեց, որ դա իր «Մայրենիք» եռագրության անդրանիկ վեպն է: Խոսելով հայ գրականության առաջ ծառացած մարտահրավերներից, հեղինակը մի դրվագ հիշեց թուրք երիտասարդ գրող Բիրգյուլ Օգուզի հետ զրույցից, ում հետ մտերմացել էր ԱՄՆ-ում: «Երբ խոսում էինք պոեզիայի ու արձակի տարբերության մասին, ասում էի՝ պոեզիան ջրի պես մի բան է: Ինքն էլ ասում էր՝ պոեզիան երեւի անձրեւ է՝ բոլորի համար է գալիս. կամ կթրջվես, կամ՝ չէ, իսկ արձակը գետեր են, ծովեր, լիճ կամ օվկիանոս, բայց դու պետք է մտնես էդ ջրերը, իրենք չեն գա քեզ մոտ հենց այնպես:
Ես հասկացա, որ գուցե հայ արձակն էլ հենց լեռնային մի գետակ է, որը լավագույն դեպքում վերածվում է Սեւանա լճի, եւ մենք՝ ինչպես աշխարհագրորեն չունենք օվկիանոսներ եւ ծովեր, այդպես էլ արձակի մեջ չենք կարողանում հասնել օվկիանոսի: Ու դա գալիս է նրանից, որ հայ գրողը մնում է նեղ ազգային թեմայի մեջ…
Բացի դրանից, մեծ լեզուներով հեշտ է ստեղծել մեծ գրականություն, իսկ եթե դու գրում ես հայերեն, երբ աշխարհում տպագրվող գրքերի 99,9 %-ը միջազգային խոշոր լեզուներով է՝ անգլերեն, չինարեն, իսպաներեն եւ այլն, այդ շարքում շատ հեռավոր մի կետում ես գտնվում»,- ասաց Արմեն Հայաստանցին:
Մանրամասները՝ սեպտեմբերի 16-ի տպագիր «Առավոտում»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Թոմ Լոնգդոնի