Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանամերձ գյուղերում ՍՄԱՐԹ ապահով սենյակներ կան

Սեպտեմբեր 15,2016 16:49

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, 15.09.2016 – Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Տավուշի մարզի Այգեհովիտ և Կոթի գյուղերում ՍՄԱՐԹ ապահով սենյակներ բացեց:

Հայաստանում եզակի այս սենյակները յուրահատուկ կրթական անկյուններ են, որոնք բացի ուսումնական իրենց նշանակությունից, նաև անվտանգ տարածքներ են՝ հետաքրքիր լուծումներով: Ծրագրի հիմնական նպատակն է այս տարածաշրջանում ապրող երեխաներին ու երիտասարդներին հնարավորություն տալ ապահով ու տեխնոլոգիապես հագեցած տարածքում օգտվել ժամանակակից կրթական միջավայրի առավելություններից:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը ողջույնի խոսքում նշեց. «ՍՄԱՐԹ ապահով սենյակները նախագծված են այնպես, որ անհրաժեշտության դեպքում ապաստարան դառնան համայնքի բնակիչներին, այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ այն ծառայելու է խաղաղ ժամանակներին ու երեխաների համար նորագույն գիտելիքներ, հմտություններ ստանալու օջախ է դառնալու»։

ՍՄԱՐԹ ապահով սենյակների ծրագրային բովանդակությունը տարբերվում է Լոռու մարզում հիմնադրված և գործող ՍՄԱՐԹ սենյակներից նրանով, որ հատուկ շեշտադրում ունի անվտանգության ուսուցման մասով: Դասընթացների հիմնական մասնակիցները կլինեն միջին ու բարձր դասարանցիները, կներգրավվեն նաև դպրոցը և նույնիսկ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդները: Այդուհանդերձ, կրթական այս միջավայրում ծրագրային ցանկից կարող են օգտվել նաև մեծահասակները:

Ներքոնշյալ ծրագրերը կազմում են ՍՄԱՐԹ ապահով սենյակների ծրագրային հենքը.

-Համակարգչային գիտելիքներ
-Անգլերեն և հաղորդակցային հմտություններ
-Բարձր տեխնոլոգիաներ (ռոբոտիկա, կոդավորում, ծրագրավորում)
-Առաջին օգնություն
-Առաջին հոգեբանական աջակցություն
-Մեդիագրագիտություն
-Ռիսկերի ու աղետների կառավարման հմտություններ

Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը ևս կարևորեց ՍՄԱՐԹ սենյակում ապահովության համադրությունը կրթությանը՝ հույս հայտնելով, որ բազմաթիվ ընտանիքներ, ովքեր մտահոգված էին երեխաների զարգացման հարցերով, սրա շնորհիվ որոշում կկայացնեն չմեկնել Կոթիից։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի նպատակը Հայաստանի գյուղերը հզորացնելն է, սահմանամերձ համայնքներում երկարաժամկետ ու հիմնարար փոփոխություններ բերելը: Տավուշի սահմանային գյուղերում ծրագիր իրականացնելը Հիմնադրամի առաքելության ու ռազմավարության մի մասն է և այսօրվա ծրագրային հրատապ նպատակներից մեկը:
ՍՄԱՐԹ ապահով սենյակների բացման արարողությանը ներկա էին ՀՀ Արտակարգ իրավիճակների և Պաշտպանության նախարարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, տեղական իշխանություններն ու Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործընկերները։ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը տնօրհնեքի կարգ կատարեց ՍՄԱՐԹ ապահով սենյակների համար՝ բարձր գնահատելով Հիմնադրամի նախաձեռնությունն ու իրագործած գաղափարները։

Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930