ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր աշխատանքով փորձելու է վերականգնել հանրության եւ քաղաքական ուժերի վստահությունն իր նկատմամբ: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու դատախազի ընտրություններին, քանի որ վստահություն չունեն, որ փոփոխություններ կլինեն:
Aravot.am-ի հարցին`Ձեր հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, շատերի համար հիմք է տալիս ասել, որ ազատ չեք լինելու ձեր գործողություններում. ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել դա եւ վերականգնել արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Իմ խնդիրն է լինելու ձեր կողմից նշված էդ շահերին, հնարավորինս մասնագիտական հարթության մեջ հիմնավորել, որ մեր որոշումներն օրենքից են բխած»:
Մեր հաջորդ հարցին`իրավական հիմնավորումներ գտնելն արդյոք նշանակո՞ւմ է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Եթե քրեական հետապնդումը իրականացվում է սահմանված կարգով եւ ոչ թե քաղաքական հետապնդումներով պայմանավորված, դա արդեն նշանակում է, որ քաղբանտարկյալի մասին խոսք լինել չի կարող»:
Կարդացեք նաև
Հարցին`երեկ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում բիզնեսներ են խլվել `հետամուտ լինելո՞ւ եք այդ հայտարարությանը, նա պատասխանեց, որ եթե կլինեն հիմքեր, ցանկացած դեպքում վարույթ կհարուցվի:
Ճշտող հարցին`եթե ասվում է`«այսուհետ չի լինելու», հետաքննելո՞ւ եք նախկին դեպքերը, դատախազի պատասխանը եղավ. «Իսկ ո՞նց եք առաջարկում ուսումնասիրել: Հիմքերի եւ առիթների դեպքում`անպայման կհետաքննենք»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ