Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Ավետիսյան. «Արձանագրել ենք կառույցներ, որոնք վերաբերում են ՔԱ 3-րդ հազարամյակի առաջին կեսին»

Սեպտեմբեր 15,2016 15:51

Սեպտեմբերի 15-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը եւ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանը խոսեցին 2016 թվականի դաշտային հետազոտությունների արդյունքներից:

«Այս տարվա հունիսից սկսված դաշտային հետազոտական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին, իմիջիայլոց, բավականին լավ արդյունքներ են գրանցվել»,-հայտնեց պարոն Ավետիսյանը, ապա հավելեց, որ այս տարի 20 ծրագիր են իրականացնում՝ հանրապետության տարբեր մարզերում: Նրա ձեւակերպմամբ, ամենատպավորիչ արդյունքներից մեկը ստացել են Գեղարոտի բնակատեղիի պեղումների ընթացքում:

«Առաջին անգամ արձանագրել ենք կառույցներ, որոնք վերաբերում են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին, դրանք ամենայն հավանականությամբ՝ այդ ժամանակաշրջանի գերեզմանոցի մաս են կազմել: Վաղ բրոնզեդարյա մշակույթը տարածված է և Վրաստանում, և Հյուսիսային Կովկասում և Իրանի տարածքում, Թուրքիայում: Այժմ հսկայական աշխատանք է արվում այդ ժամանակաշրջանի հուշարձանների ուսումնասիրման համար, նման բան մինչ այժմ չէր արձանագրվել, սա լուրջ ձեռքբերում պետք է համարել: Վաղ բրոնզեդարյա բնակատեղիները ուսումնասիրելիս քիչ է պատահում, որ նրանց դամբարաններն էլ պեղենք»,-հայտնեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը :

Նրա խոսքով, այս տարի մեծ ծավալի աշխատանքներ են կատարել Սոլակ 1 հնավայրում. «Վանի թագավորության շրջանի պալատ ենք պեղում: Գործ ունենք արքայական կառույցներին բնորոշ հատակագծով, բայց ոչ արքայական արհեստանոցներում պատրաստված նյութերով ներկայացված հնավայրի հետ»:

Հայկ Ավետիսյանն անդրադարձավ Արամուսի հնավայրում կատարված պեղումներին, որտեղ աշխատում են շուրջ 10 տարի: «Արամուսի տարածքում մեր դիտարկումները բերեցին նրան, որ գործ ունենք ուրարտական ժամանակաշրջանի քաղաքակրթության հետքերի հետ»,-փաստեց բանախոսը: Արսեն Բոբոխյանը խոսեց Մարգահովտում իրականացված պեղումներից. «Այստեղ իրականացված պեղումները ունեին հետեւյալ նպատակը. ցույց տալ՝ արդյոք մետաղագործությունը այս տարածաշրջանում ունի՞ հիմքեր: Ունենք հետաքրքիր նյութեր ոչ միայն մետաղագործության, այլեւ բրոնզեդարյա Հայաստանի նյութական մշակույթի մի քանի կարևոր առանձնահատկությունների մասին: Հայտնաբերվել է նաեւ բացառիկ գտածո՝ շան արձան է, որը թվագրվում է 3-րդ հազարամյակ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930