Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռիվեր ֆեսթ». Ռոք հանուն դպրոցի վերանորոգման

Սեպտեմբեր 15,2016 15:40

Ռոք բաց երկնքի տակ, գիշերակաց վրաններում, ակուստիկ երաժշտություն խարույկի շուրջ: Ռոքասերներին լավ ծանոթ «Ռիվեր ֆեսթ» երկօրյա բարեգործական փառատոնն այս տարի մեկնարկում է սեպտեմբերի 17-ին Գետամեջում՝ իր մշտական վայրում: Կազմակերպիչներ Սարո և Անժելա Հասասյանները և «The Beautified Project» հայտնի ռոք խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ներկայացրին այս տարի կայանալիք փառատոնի մանրամասները, անցկացման նպատակն ու պատմությունը:

«Ռիվեր ֆեսթին» այս տարի կմասնակցի 23 խումբ, որոնց շարքում են «Բամբիռ» ռոք խմբի երկրորդ նախագիծ «Crisis of the Genre», «Windrose», «Ռոզեն Թալ», «Ոստան հայոց» և ռոք երաժշտության երկրպագուներին քաջ հայտնի այլ խմբեր: Բանախոսները հայտնեցին, որ շեշտը դնում են նկուղային կատարողների վրա, որպեսզի նրանց հնարավորություն տան ավելի մեծ լսարանի առջև հանդես գալու և որոշակի ճանաչում ձեռք բերելու:

Անժելա և Սարո Հասասյանները ներկայացրին փառատոնի անցկացման նպատակը, որն է՝ բարեկարգել Գետամեջ գյուղի դպրոցը: «11 տարի առաջ ԱՄՆ-ից ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան և հաստատվեցինք Գետամեջ գյուղում: Ապրելով այնտեղ, տեսնելով Երևանից տարբերությունը կենցաղային խնդիրներում անդադար մտածում էինք գյուղի բարեկարգման մեջ մեր դերն ունենալու մասին: Դեռ դպրոցական տարիքից Սարոն ցանկանում էր ապացուցել, որ մեր և մեր ընկերների ջանքերով հնարավոր է այդ նպատակին հասնել: Ի վերջո առաջացավ «Ռիվեր ֆեսթի» գաղափարը, որը զարկ եղավ նաև ռոք երաժշտության տարածմանը և տաղանդավոր երաժիշտների երևան գալուն», ասաց Անժելա Հասասյանը:

Համերգից ստացված ողջ հասույթն ամեն տարի տրամադրվում է Գետամեջ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներին: «Առաջին տարում հիմնական գույք կարողացանք գնել դպրոցի համար, երկրորդ տարում տեղադրեցինք հերմետիկ պատուհաններ, որպեսզի գոնե մի քիչ ապահովենք ջերմաստիճանային նորմալ պայմաններ երեխաների համար: Անցած տարի կառուցեցինք խաղահրապարակ դպրոցի բակում: Այս տարի նպատակ ունենք ավարտին հասցնելու դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները», հայտնեց Անժելա Հասասյանը:

Մեներգիչ Անդրե Սիմոնյանը պատմեց, որ տարեցտարի աճում է հանդիսատեսի և երաժիշտների հետաքրքրվածությունը: «Առաջին տարում մենք էինք կապվում խմբերի հետ, համոզում նրանց, որ մասնակցեն փառատոնին: Իսկ այժմ մասնակցության դիմումով մեզ արված զանգերն ուղղակի չեն դադարում: Նախորդ տարի մասնակիցների թիվը հասնում էր հազարի՝ ներառյալ կազմակերպչական թիմը, երաժիշտները և հանդիսատեսը»:

Կազմակերպիչները ակտիվ են պահում փառատոնի ֆեյսբուքան էջը, որտեղ փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Անդրե Սիմոնյանը խոսեց նաև սեպտեմբերի 25-ին Վանաձորում կայանալիք բացօթյա համերգի մասին: Նա վստահեցրեց, որ Գյումրիում նույն օրն անցկացվելիք փառատոնը խոչընդոտ չի դառնա: «Մենք համերգի օրը հայտարարելուց երկու օր հետո միայն իմացանք, որ Գյումրիում ևս փառատոն է կայանալու նույն օրը: Ամեն դեպքում, կարծում եմ իրար չեն խանգարի, քանի որ մեր համերգն անվճար է: Նպատակը հիմնականում մեկն է՝ ցույց տալ, որ Երևանից դուրս էլ մշակութային աշխուժություն կարող է լինել»:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930