«Կառավարությունում, փաստորեն, չկար այլեւս ընկալում, որ իրենք կառավարություն են»,- նման տպավորություն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը ստացել է կառավարություն-խորհրդարան երեկվա հարցուպատասխանի նիստից, քանի որ շատ հարցերին պատասխանելու փոխարեն գրավոր դիմելու հորդորներ հնչեցին:
«Բայց, դրանից հետո, վարչապետը կարծես կոտրեց այդ կարծրատիպը`անկաշկանդ մոտենալով խորհրդարանի ամբիոնին եւ ասելով, որ պատրաստ է խոսել բաց տեքստով: Խոսում էր շատ հակիրճ, տեղին`առանց ջուր ծեծելու: Այն, ինչը որ պատրաստ էր ասելու`ասաց, ինչը որ պատրաստ չէր`խոստացավ, որ կներկայացնի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը`հավելելով, որ ինքն առնվազն չորս տարի խոսում է համակարգային փոփոխությունների մասին, հիմա, նաեւ վարչապետն է ասում:
Այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանի կեցվածքը, երբ նախարարներին ասել է, որ չի հավատալու կամ ինչ-ինչ հանձնարարականներ պետք է կատարվեն, Թեւան Պողոսյանը գնահատում է որպես գիտակցում նրա, որ պետական ինստիտուտները չպետք է խուսափեն նոր մոտեցումներ ձեւավորելուց. «Եվ դրա հետ միասին՝ այն մի քանի մոտեցումները, որն ինքը ներկայացրեց, թե ինչպե՞ս է պատկերացնում զարգացումն ինչպես է գնալու`ոլորտի մասնագետ պետք է լինեն, մարդիկ պետք է սովորեն թուղթ ու գրիչով աշխատել, տեսլականների մեջ ապագան քննարկել է պետք, բայց համակարգին նաեւ ամբողջական պետք է նայել եւ այլն»:
Տեսության իմաստով, Կարեն Կարապետյանի ասածները Թեւան Պողոսյանը կիսում է: Գործնականում ինչպե՞ս կկիրառվեն դրանք`ժամանակը ցույց կտա. «Իսկապե՞ս պայքարելու է ստվերի դեմ, որովհետեւ ասաց, որ բոլորս գիտակցում ենք կա սխալ մենաշնորհների ձեւավորում, որոնք արհեստականորեն են ձեւավորվել կամ քաղաքական մենաշնորհներն են եկել, արդյոք, բոլորը հավասա՞ր են լինելու օրենքի առաջ: Իսկապե՞ս սեփականության անձեռնմխելիությունը`ազատ շուկայական հարաբերությունների հիմնասյուներից մեկը, պահպանվել է: Եթե մարդիկ օրենք են խախտել`այլ հարց, բայց սեփականությանն իրավունք չունես կպնելու այլ իմաստով: Տեսնենք, եթե այդ ամեն ինչն անի… այսօր դժվար է գնահատել: Խոսքերի մակարդակի վրա տպավորությունն ավելի դրական է, քան ակնկալիքներն էին, բայց սպասենք արդյունքների հիման վրա վերջնական գնահատական տանք: Մոտակա երկու շաբաթվա ընթացքում, կարծում եմ, շատ բան հստակ կլինի»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ