Կառավարության շենքի մոտ այսօր նաիրիտցիները կրկին բողոքի ցույց էին անում:
Նաիրտիցիների ներկայացմամբ՝ պահանջում են հստակ պատասխան՝ ինչ ընթացքում է «Նաիրիտ» գործարանում ներդրում կատարելու մասին վերջերս ցանկություն հայտնած գործարարի դիմումը:
Հիշեցնենք, որ «EU-ASIA Business Finance Center s.r. o.» հոլդինգն է առաջարկել ներդրում կատարել գործարանում, եւ իր դիմումի պատճենն ուղարկել է նաեւ նաիրիտցիներին։
Կառավարության նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Լեւոն Յոլյանն, որը հաճախ կառավարության շենքը լքում է հետնամուտքով, այսօր գլխավոր մուտքից դուրս եկավ: Նաիրտիցիները շրջապատեցին Լեւոն Յոլյանին եւ սկսեցին հարցուփորձ անել գործարանում ներդրողի մասին:
Կարդացեք նաև
«Ամսի 10 –ին ներդրողից նամակ եմ ստացել, որտեղ նշել է, որ Երեւանում կլինի հոկտեմբերին: Ես էլ ասել եմ, որ պատրաստ եմ հանդիպել»,-ասաց Լեւոն Յոլյանը: Նրա ներկայացմամբ՝ իրենք ավելի լուրջ կազմակերպությունների հետ են բանակցություններ տանում, 4-ը ռուսական կազմակերպություններ են: Պարոն Յոլյանն ասաց, որ այդ կազմակերպությունները հաշվարկներ են անում՝ արտադրված ապրանքը որտեղ են վաճառելու, ինչ ծավալների.««Տոյեսծ», ոնց ընդունված է նման դեպքերում՝ տեխնիկատնտեսագիտական հիմնավորումներով, բիզնես ծրագրով ներկայացնելու են մեզ: Աշոտը Գրիգորյանը («EU-ASIA Business Finance Center s.r. o.» հոլդինգի ղեկավարներից, Ն.Բ.), գիտեք ինչ է ասել, ասել է՝ 1 դոլարով գործարանը տվեք մեզ, ես 20 միլիոնի ներդրում կատարեմ»:
Նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ այսօր «Նաիրիտը» բացել, աշխատեցնելը խնդիր չէ, խնդիրն այն է, թե արտադրանքը որտեղ պետք է իրացվի:
Նաիրիտցիների եւ Լեւոն Յոլյանի քննարկման մանրամասները՝ տեսանյութում
Թե այդ 4 ընկերությունները որոնք են, եւ արդյոք իրատեսական է «Նաիրիտը» վերագործարկելը, այս հարցին Լեւոն Յոլյանը խուսափեց պատասխանել, նա վստահեցրեց, որ մանրամասներ չի ցանկանում ասել՝ բանակցային գործընթացը չվնասելու նպատակով:
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման շուրջ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի մասին էլ մեր հարցին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Լեւոն Յոլյանը հրաժարվեց պատասխանել:
Aravot.am-ի այն հարցին էլ՝ ինչու նախկին վարչապետի օրոք էներգակիրների սակագների նվազեցման շուրջ քայլեր չէին արվում, այն դեպքում , երբ տնտեսագետները պնդում էին, որ երկու դեպքում էլ հնարավորություն կա գներն իջեցնելու, Լեւոն Յոլյանը կրկին հրաժարվեց պատասխանել: Նա շուտափույթ նստեց իր ծառայողական, նույնիսկ չլսեց իրեն դիմող մի տարեց կնոջը, որին ոստիկանը փորձում էր հեռացնել Լեւոն Յոլյանի մեքենայի մոտից:
«Պարոն Յոլյան ջան. Խնդրում եմ, Գավառից եմ, դստերս հետ քյուչեքն ենք մնացել»,-ասում էր տարեց կինը: Երբ ոստիկանը փորձում էր հեռացնել կնոջը մեքենայի մոտից, կինը ոստիկանին ասաց. «Փող չեմ ուզում, բան եմ ասում»:
Իսկ նաիրտիցիներից մեկը Լեւոն Յոլյանին մինչեւ մեքենա ուղեկցեց եւ նրան տրամադրեց գործարանում ներդրում կատարելու ցանկություն հայտնած Աշոտ Գրիգորյանի դիմումները. «Պարոն Յոլյան, սա ուզում եմ ձեզ տալ, որ դուք ասում եք՝ Աշոտ Գրիգորյանը հրաժարվում է ներդրումներից»: Նախարարի պաշտոնակատարն էլ անմիջապես արձագանքեց՝ «Ես չեմ ասել հրաժարվել է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ