«Կարեն Կարապետյանը շատ խելոք մարդ է, որպես քաղաքապետ դրսեւորվել է որպես լավ աշխատող, բայց եթե չկարողանա ձեւավորել կառավարությունը որպես միասնական թիմ, դժվար թե կարողանա կատարել անհրաժեշտ փոփոխությունները»,-այսօր Մամուլի ազգային ակումբում ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նա հույս ունի, որ փոփոխությունների ձգտում կա. «Եթե տեսնենք, որ փոփոխությունների ճանապարհին են կանգնել, հասարակությունը կօգնի իրականացնել այդ փոփոխությունները: Անկախության հոբելյանական տարին դրան պետք է ծառայի, որ հասարակությունը եւ իշխանությունները սթափվեն, դնեն խնդիրներ եւ քայլ առ քայլ լուծեն դրանք»:
Վազգեն Մանուկյանը դժվարացավ գնահատական տալ նախորդ վարչապետների գործունեությանը: Նկատեց, որ նրանք հրաժարական են տվել տարբեր պատճառներով, ուստի ընդհանուր բան չի տեսնում. «Վարչապետի գնահատականը ՀՆԱ-ի տոկոսի բարձրացումով եւ իջեցումով չի որոշվում: Իրականում նրանք պետք է ռազմավարական ուղղություններ փոխեն, իսկ արդյունքները կզգացվեն հաջորդ վարչապետների ժամանակ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ