Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատկերացնո՞ւմ եք Կարեն Կարապետյանի այդ հայտարարությունից հետո որոշ մարդիկ ինչ գիշեր անցկացրին». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 15,2016 13:21

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը նորանշանակ վարչապետից ակնկալում է նաև ստվերի լուսավորում: «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց. «Ստվերից դուրս բերելը ՀՀ պայմաններում ամենաբարդ խնդիրն է, հաշվի առեք, որ հնարավոր է սաբոտաժ լինի այն մարդկանց կողմից, որոնք ունեն ահռելի հարստություն: Այս հարցում էական է նաև, թե որքանով են իրավապահները պաշտպանելու վարչապետի գործողությունները»:

Սեպտեմբերի 15-ին՝ դեմոկրատիայի միջազգային օրը, պարոն Սարգսյանը խոսեց նաև ՀՀ-ում ժողովրդավարության ապահովման ոլորտում գոյություն ունեցող խնդիրների մասին. «Ժողովրդավարության հաստատման համար ամենագլխավոր պայմաններից է ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Իսկ եթե մենք չենք կարողանում ընտրել այն իշխանությունը, որը վայելում է ժողովրդի վստահությունը, ի՞նչ ժողովրդավարություն»:

Արամ Սարգսյանը ժողովրդավարության ապահովման միտումները չի տեսնում. «Գյումրիում ի՞նչ է կատարվում՝ էլի նորից փող փող փող, ոչ թե ծրագիր ու համապատասխան կենսագրություն»:

Ըստ ՀԴԿ ղեկավարի՝ բացարձակ ձևականություն են այն խոսքերը, թե մամուլի, խոսքի ազատություն կա, կա ժողովրդավարություն: Նրա պնդմամբ՝ ժողովրդավարությունն այն է, երբ կա փոխադարձ կապ ժողովրդի և իշխանության միջև, ինչը տեսանելի չէ:

Ընտրակաշառքի թեմայով պարոն Սարգսյանը նկատեց. «Մեր ժողովուրդը երբեք ուզվոր չի եղել, նրանց հասցրել են մի իրավիճակի, որ պարտադրված 5-10 հազարը վերցնում է, քանի որ իսկապես այդ գումարը նրան անհրաժեշտ է»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ այն հայտարարություններին, թե տնտեսության զարգացումը չունի այլ բանաձև, քան ստվերի դեմ պայքարելու ճանապարհը, Արամ Սարգսյանը հեգնեց. «Պատկերացնո՞ւմ եք այդ հայտարարությունից հետո որոշ մարդիկ ինչ գիշեր անցկացրին»:

Արամ Սարգսյանի համար սկզբունքային է նաև այն, թե արդյոք նորանշանակ վարչապետը կատարելու է համակարգի՞, թե՞ համակարգային փոփոխություններ:

Անդրադարձ կատարվեց նաև խորհրդարանական ընտրությունների մասնակցությանը և այլ կուսակցությունների աշխատանքին: Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին:

Ինչ վերաբերում է կուսակցությունների անդամների թվին, պարոն Սարգսյանն ասաց. «Եթե ՀՀԿ-ն ճնշումներով չստիպեր պետական ոլորտի անձանց անդամագրվել ՀՀԿ-ին, հիմա նրանց անդամների թիվը մեզնից էլ քիչ կլիներ»:

ՀԴԿ անդամ Ժասմինա Ղևոնդյանն էլ կարևորեց կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում ու շեշտեց. «Ոչ թե կուսակցությունները իրենց ցուցակներում 20 տոկոսի չափով պետք է ներգրավեն կանանց, այլ ԱԺ-ում, կառավարությունում կանանց ներկայացվածությունը պետք է լինի առնվազն 50 տոկոս: Մինչդեռ 20 տոկոսից էլ պակաս է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930