Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձավ հարցին, թե ինչ որոշում կկայացներ, եթե այսօր իրեն առաջարկեին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:
«Հիշում եմ` այդպիսի խոսակցություն ունեցել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նա նախագահ էր: Ասացի` կարող եմ պաշտպանության նախարար լինել պատերազմի ժամանակ: Եթե պատերազմ չկա, իմ գործը չէ, իմ գործը քաղաքականությունն է, բայց պատերազմի ժամանակ միշտ պատրաստ եմ»,-պատասխանեց նա:
Լրագրողի նկատառմանը, թե հիմա էլ ենք պատերազմի մեջ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «1994թ. հետո չավարտված պատերազմի մեջ ենք»:
Ըստ Վազգեն Մանուկյանի, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից տեխնիկայով, մասնավորապես` ԱԹՍ-ներով հագեցած լինելու առումով հետ ենք մնում. «Հիմա որոշ փոփոխություններ ՊՆ-ում տեղի ունեցան: Իշխանությունները որոշակի դասեր քաղել են, թեեւ որոշ քայլեր աննկատ են»:
Կարդացեք նաև
Վազգեն Մանուկյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ն Արցախի հարցով բանակցային սեղանի շուրջը պետք է ավելի խիստ դիրքորոշում ունենա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ