Այսօր ՀՌԱՀ անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանն ԱԺ-ում ներկայացրեց իր ծրագիրը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրան հարց ուղղեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հետ կապված: Նա ասաց, որ Ա-թիվի հեռուստաալիքը փոխելիս, եթերում մի այնպիսի տեսարանի է ականատես դարձել, որ եթե իրեն պատմեին, որ այդպիսի բան կա՝ չէր հավատա. «Մի նախադասություն հնչեց, որ չգիտեմ…ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել: Դա պոռնո մտածողության ամենալկտի եւ բոլոր տրամաբանության, նորմալ հարաբերակցության կանոնակարգերին դեմ է: Ես ֆեյսբուքյան էջում գրառում արեցի եւ արձագանքներից հասկացա, որ այդ հաղորդման մեջ դա սովորական երեւույթ է: Հիմա ուզում եմ պատկերացնել ձեր գործողությունները՝ այս կարգի նախադասություններ լսելիս եւ այս կարգի հաղորդումների նկատմամբ, որտեղ բանավոր պոռնո տեսարաններ են նկարագրվում»:
Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ իհարկե, լուծելու խնդիր ունեն՝ կապված հաղորդման որակի եւ տեսաձայնային պատկերների հետ, որոնց մասին նշվեց: Նա ասաց, որ այդ հաղորդումը չի նայել, չգիտի. «Ինչքանով ես նայել եմ այդ «Կիսաբաց լուսամուտները», մեզ կարող է դա դուր գալ կամ չգալ, բայց այն ներկայացում է այն խմբերի մտածելակերպը, ապրումները, որոնք Հայաստանում իրականություն են: Արգելել այդ բաները՝ կնշանակի ստեղծել ոչ իրական, վիրտուալ պատկեր, որը կսահմանափակի մեր՝ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ես չգիտեմ ինչ պոռնոյի մասին է խոսքը, եթե հայհոյանք կա, դրան պետք է արձագանքեն պատկան մարմինները, եթե բողոք լինեն, այդտեղ արգելանք կա»:
Նա ասաց, որ եթերը գրաքննության ենթարկել չի կարելի:
Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր պատասխանից. «Մարդկանց տներում, այդ թվում՝ ննջարաններում եւ զուգարաններում շատ բաներ են տեղի ունենում, ի՞նչ է նշանակում եթեր տալ դա: Հիմա եթե լիներ հաղորդում զուգարանային կրքեր ու ուղիղ հեռարձակման հեռարձակվեր այնտեղ, դա նորմա՞լ կլիներ»:
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի, այսպես ռեյտինգ հավաքելն անընդունելի է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ