Այսօր առավոտյան Կենտրոնի ոստիկանության բաժնից զանգահարել են Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանին և տեղեկացրել, որ Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են իրենց այն հարցով, թե իբր Լևոն Գալստյանը և իր համախոհները սպառնացել են իրենց և հիմա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում այդ դիմումի հիման վրա։ Լևոն Գալստյանին հրավիրել են բաժին, սակայն ծանուցագրի բացակայության պատճառով՝ վերջինս հրաժարվել է ներկայանալ։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 100 տոկոսով պատկանում է «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերությանը։ Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի՝ Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս աղետաբեր ծրագրի իրականացումը, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, այլ նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սևանա լճի համար։ Նախատեսվում է 10 տարվա ընթացքում տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։
ՀԲՃ-ն՝ այլ ոչ անտարբեր կազմակերպությունների, ոլորտի մասնագետների ու անհատների հետ միասին, մշտապես հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ այս ծրագրի անթույլատրելիության մասին տարբեր նախաձեռնություններով՝ բացառապես միջազգային իրավունքի և ՀՀ օրենսդրության շրջանակներում։
Այստեղ կարող եք ծանոթանալ Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ հրապարակված փորձագիտական կարծիքներին, վերլուծություններին, հոդվածներին և տեսանյութերի մի մասին։
Կարդացեք նաև
Ցանկանում ենք կոչ անել Հայաստանի քաղաքացիներին առավել ակտիվ լինել այս հարցում, իսկ իրավապաշտպան կառույցներին՝ առավել զգոն՝ բոլորիս իրավունքների պաշտպանության խնդրում:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն