Այսօր ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանը ներկայացրեց իր ծրագիրը: Նա ասաց, որ կարող է մասնակից լինել ՀՀ էլեկտրոնային մեդիայի զարգացմանը հանձնաժողովի այլ անդամների հետ փորձել լուծել այն խնդիրները, որոնք այսօր կանգնած են ՀՀ ԶԼՄ-ների առջեւ:
Քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը օգտվելով իր հարց տալու իրավունքից՝ ահազանգեց, որ այս պահին Աղավնաձորում լարված իրավիճակ է. «Քիչ առաջ ինձ դիմեցին Աղավնաձոր գյուղի բնակիչները: Սարսափելի լարված իրավիճակ է: Մարդիկ կրկին փակելու են մայրուղին, սպառնում են, որ չեն տանելու երեխաներին դպրոց ու մանկապարտեզ, դիմելու են ծայրահեղ քայլերի, որովհետեւ 1 տարի առաջ մթերված խաղողի գումարն այդպես էլ մարդիկ չեն կարողացել ստանալ: Իրավիճակը սարսափելի լարված է: Վաղվանից երեխաները չեն գնալու դպրոց եւ մանկապարտեզ»:
Նա կառավարության ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա:
Տիկին Զոհրաբյանը նաեւ Տիգրան Հակոբյանին հարցրեց, թե բեւեռացումը թուլացնելու, հասարակության կոնսոլիդացիայի բերելն ինչպե՞ս է թեկնածուն պատկերացնում: Նա նաեւ հետաքրքրվեց մարզային հեռուստաընկերություններից, որոնք ինտերակտիվ չեն:
Կարդացեք նաև
Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ ինքը ազատական արժեքների ջատագով է եւ կարծում է, որ մրցակցային դաշտն է կարգավորում բոլոր հեռուստաընկերությունների, այդ թվում՝ մարզային հեռուստաընկերությունների դերը: Եթե նրանք չեն կարողանում դիմանալ մրցակցությանը, պետք է հարթակից դուրս գան:
Ինչ վերաբերում է կոնսոլիդացիային, նա ասաց, որ այդ կառույցում չի աշխատել, եթե ՀՌԱՀ-ում աշխատի, որեւէ հայեցակարգ կկարողանան ներկայացնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ