Այսօր կառավարության նիստին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի՝ «Նանման» ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել հումք եւ նյութեր ներմուծելու մասին զեկույցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ նման արտոնություններ տրամադրելով, որը պահանջում է նաեւ աշխատատեղեր բացել եւ այլն, արդյոք հետո որեւէ կերպ ստուգո՞ւմ են թե ինչպես է կատարում տվյալ ընկերությունն այդ պարտականությունները։ Կարեն Կարապետյանը նաեւ հետաքրքրվեց՝ նման արտոնությունները տրամադրելով ինչպիսի մուլտիպլիկատիվ էֆեկտ է ստացվում։
Արծվիկ Մինասյանն, ըստ էության, հստակ պատասխան չուներ, նախարարն ասաց, որ նման համակարգ գոյություն չունի՝ դա պարզելու համար:
«Ինչո՞ւ»,- հարց ուղղեց վարչապետը: Արծվիկ Մինասյանն էլ ի պատասխան ասաց, որ երկու պատճառ կա դրա համար․ ընկերությունում այցելությունը դիտվում է որպես միջամտություն նրանց աշխատանքին, դրա համար իրենց հարցումների միջոցով են փորձում տեղեկություն ստանալ:
Կարեն Կարապետյանն Արծվիկ Մինասյանին ընդհատելով ասաց․«Պարոն Մինասյան, ես չեմ ասում՝ դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել, ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքը իր գործառույթը կատարի ընդամենը: Այդ իսկ պատճառով կարող է իմ հանձնարարականը եւ դիմումը հնչի մի քիչ աբսուրդ, որովհետեւ ես ասում եմ այն, ինչ պետք է կատարի ՊԵԿ-ը: Այս պահին դուք լինելով էկոնոմիկայի նախարար, տալով արտոնություններ բիզնեսին, ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի բիզնեսը զարգանա, ստեղծի աշխատատեղ՝ հետաձգում եք գումարներ: Հետո էդ հարցը որեւէ ձեւ մոնիտորինգ չի՞ արվում: Ես չեմ ասում՝ գնանք բիզնեսից տեղեկանք ուզենք, ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք, հաշվետվության ձեւ արեք»։
Կարդացեք նաև
Թե որքան ժամանակ են ծախսում ընկերությունները նման արտոնություններ ստանալու համար, վարչապետի այս հարցին Մինասյանն ասաց՝ մոտ մեկ շաբաթ։ Ապա Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ «Նանման» ընկերությունը ե՞րբ է դիմել էկոնոմիկայի նախարարություն: Արծվիկ Մինասյանը կրկնեց՝ գրեթե մեկ շաբաթ առաջ․ այս պատասխանը վարչապետը կասկածի տակ դրեց։
«Չեմ հավատում»,- Մինասյանի պատասխանին այսպես արձագանքեց վարչապետը:
Արծվիկ Մինասյանն էլ վստահեցրեց, որ լրացուցիչ կներկայացնի այդ տեղեկությունը: «Չգիտե՞ք»,- հետաքրքրվեց վարչապետը: Էկոնոմիկայի նախարարը խոստովանեց, որ այս պահին, այո, չգիտի:
«Բա ինչո՞ւ չգիտեք, պարոն Մինասյան: Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրանց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի: 1.5 մլն դրամ արտոնություն է խնդրում, երեւի մի յոթ ամիս նամակագրություն է գրել, մենք պետք է էդ ամեն ինչը դասակարգենք, որ բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, հայտարարում ենք՝ ով այս խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունն արտոնությունը տալիս է, բերում է էստեղ: Պետք է լինի ձեւակերպված խաղի կանոն, թե որի դեպքում ենք մենք տալիս արտոնություն: Մնացած առանձին դեպքերը հատուկ կնայենք»,֊ ասաց վարչապետը:
Նա նաեւ հանձնարարեց հստակ տեղեկություն տալ իրեն, թե նախկինում բիզնեսին տրված արտոնություններն ինչ արդյունք են տվել, որքան հետաձգված գումար է վերադարձվել բյուջե, քանի աշխատատեղ է բացվել եւ այլն:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ իսկապես շատ լուրջ խնդիր է, երբ ներդրողի ձեռքից բռնած ոչ միայն ներդրման պահին, այլ դրանից հետո բյուրոկրատիան թեթևացնելու, չհիմնավորված միջամտությունը հանելու առումով աշխատանք է տարվում: Ներկայումս, ըստ նրա, այդ ուղղությամբ աշխատանք տարվում է, առաջիկա գործողությունների գործիքակազմը կներկայացնի:
«Էկոնոմիկայի նախարարությունում անգամ մեկ օր ավելի որեւէ ներդրող չի սպասում: Կարող եք հարցումներ կատարել»,- նեղսրտած եւ դժգոհ տոնով ասաց Արծվիկ Մինասյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ