Երեւան, 15 սեպտեմբերի, 2016թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տորոնտոյի իր տեղական մարմնի միջոցներով մասնակի վերանորոգում է իրականացնում Մատաղիս համայնքի /ԼՂՀ Մարտակերտի շրջան/ միջնակարգ դպրոցում: Եռահարկ այս կրթօջախը կառուցվել է Տորոնտոյի մեր հայրենակիցների հավաքագրած գումարներով 2005-2006թթ-ին:
«Հերթական աշխատանքային այցի ընթացքում պարզ դարձավ, որ դպրոցը մասնակի վերանորոգման կարիք ունի»,- պարզաբանում է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: «Աշխատանքները մոտենում են ավարտին, եւ ուսումնական գործընթացն արդեն իսկ ընթանում է բնականոն պայմաններում»:
Մասնակի վերանորոգումներ են կատարվել տանիքի, սանհանգույցների մաշվածությունը վերացնելու նպատակով: Տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ: Միջանցքների եւ դահլիճի հատակները պատվել են պրեսգրանիտով, իրականացվել են արտաքին հարդարման աշխատանքներ:
«Նորոգման այս աշխատանքները ավելին են համայնքի համար, քան պարզապես դպրոցի նորոգում», ասում է դպրոցի երիտասարդ տնօրեն Գեղամ Աղաջանյանը: «Ամեն անգամ, երբ հիշում եմ այն փոքրիկ կառույցը՝ այսօրվա մանկապարտեզի շենքը, որտեղ ես եմ ուսանել, մտածում եմ, որ սա իսկական պարգեւ է մեր աշակերտների համար»:
Այս համայնքի նկատմամբ տորոնտոհայերի ուշադրության վկայությունն է նաեւ ամռան սկզբին տորոնտոհայ բարերար Բերց Լուլեցյանի /Պերճ Լիւլէճիեան/ կողմից նվիրաբերված շտապօգնության մեքենան: Մեկ շտապօգնության մեքենա էլ բարերարը 2014թ.-ին նվիրել էր նույն շրջանի Նոր Մարաղա գյուղին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ