Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը չի անդրադառնա էլեկտրաէներգիայի սակագների վրա

Սեպտեմբեր 15,2016 11:03

Երեկ Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը հանդիսավոր պայմաններում բացեց իր առաջին սպասարկման կենտրոնը: Այն կգործի Հյուսիսային պողոտայի «Տաշիր սթրիթ» առեւտրի կենտրոնում:

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու էլցանցին միացման պայմաններին, բաժանորդագրությանը, ուշացումների եւ տեխնիկական բնույթի հարցեր քննարկել, էլեկտրաէներգիայի ծախսի հետ կապված անհամաձայնություններ եւ բողոքներ հայտնել, էլեկտրաէներգիայի սպառմանն առնչվող հարցերում իրավաբանական օգնություն ստանալ, ինչպես նաեւ տեղում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարել` բանկոմատների եւ պոս-տերմինալների միջոցով:

Ինչպես միջոցառման ժամանակ ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, սպասարկման կենտրոնի հիմքում դրված է «հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու գաղափարը»:

Սպասարկման կենտրոնը կգործի շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-22:00-ը: Պարոն Հարությունյանը նշեց, որ մոտ օրերս էլ կբացվի ընկերության մեկ այլ սպասարկման կենտրոն «Տաշիր» առեւտրի կենտրոնում, առաջիկայում նաեւ նոր կենտրոններ են նախատեսվում մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում, Գյումրիում եւ Վանաձորում:

«Հնարավոր է՝ լինեն այնպիսի հարցեր, որ սպասարկման գրասենյակում չկարողանան այդ պահին պատասխանել, բայց սպասարկման կենտրոնի պարտականությունների մեջ է մտնում ճշտել եւ տեղեկացնել հաճախորդին առավելագույն հարմար տարբերակով` կլինի էլեկտրոնային եղանակով, հեռախոսի միջոցով, թե կրկին այցելելու հրավերք: Ամեն դեպքում էլ կհարմարեցվի բաժանորդին եւ նրա համար առավելագույն հարմար պայմաններով»,- իր խոսքում նշեց Կարեն Հարությունյանը: Նա ընկերության ծրագրերի եւ ներդրումային քաղաքականության մասին խոսեց ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում:
«Առաջիկա 5 տարում ընկերության սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խումբը նախատեսում է իրականացնել շուրջ 100 միլիարդ դրամի ռազմավարական զարգացման ներդրումային ծրագիր»,- ասաց պարոն Հարությունյանը` նշելով, որ այդ միջոցները մասնավորապես կուղղվեն բաշխիչ ցանցի բարելավմանն ու ենթակառուցվածքների վերազինմանը, որոնց շուրջ 80-85%-ը մաշված է:

hec_1

Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից Հայէլցանցերը ձեռք բերեց 2015 թվականի սեպտեմբերին` խոշոր վարկային պարտավորություններով, էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների հանդեպ 23,4 միլիարդ դրամի ժամկետանց կրեդիտորական պարտքով, էլեկտրաէներգիայի կորուստներով, բարձր մաշվածության ենթակառուցվածքներով, ինչը հանգեցնում էր վթարայնության եւ տեւական հոսանքազրկումների:

«Օպերատիվ առումով ամեն ինչ անում ենք վթարների հետեւանքներն արագ վերացնելու համար: Ինչ վերաբերում է դրանց կանխարգելմանը, ապա նախատեսում ենք առաջիկա 5 տարվա ներդրումային ծրագրի շուրջ 42%-ը` մոտ 41,4 միլիարդ դրամ, ուղղել ցանցի վերակառուցմանն ու սարքերի փոխարինմանը, ինչը կնվազեցնի վթարների հաճախականությունը»,- վստահեցրեց ՀԷՑ-ի նոր սեփա կանատիրոջ ներկայացուցիչը` գլխավոր տնօրենը: Կ. Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում էլ կլինեն փոփոխություններ, սակայն կատարյալ համակարգ ունենալու համար որոշակի ժամանակ եւ շարունակական ներդրումներ են անհրաժեշտ:

Գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ նախատեսվող ներդրումային ծրագիրը չի անդրադառնա էլեկտրաէներգիայի սակագների վրա, քանի որ այն բաշխված է հատուկ սկզբունքով` խուսափելու ավելորդ ծանրաբեռնվածությունից:
Նկատենք նաեւ, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո նվազել է էլեկտրաէներգիայի բաշխման կորուստների մակարդակը: Նախկինում այս ցուցանիշը կազմում էր 11,2%, ներկայումս 11,02 %-ի չափով է, եւ առաջիկա տարիներին ակնկալվում է այն նվազեցնել մինչեւ 9%:

Տնօրենը նաեւ հայտնեց, որ այսօր ՀԷՑ-ն ամբողջությամբ մարել է թե՛ պետական, թե՛ մասնավոր ընկերությունների հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունները:
Ընկերությունը, ներդնելով ավտոմատացված ASKO համակարգը, կկրճատի նաեւ աշխատավարձի ծախսերը, քանի որ այլեւս էլեկտրիկների կարիք չի լինի։ Կ. Հարությունյանն ասաց, որ մեկ տարում կրճատվել է 900 աշխատակից՝ 8 հազարից նրանց թիվը հասնելով 7100-ի։ Կրճատման ենթակա աշխատակիցները, սեփականատիրոջ եւ ընկերության սոցիալական քաղաքականությունից ելնելով, կա՛մ տեղափոխվում են այլ աշխատանքի նույն ընկերությունում, կա՛մ էլ նրանց տրվում է իրավունք եւ ժամանակ՝ վերապատրաստվելու եւ անցնելու այլ աշխատանքի:

Նշենք նաեւ, որ ՀԷՑ-ի նոր «սմարթ» հաշվիչներից օգտվում է շուրջ 2000 բաժանորդ, որոնք հնարավորություն ունեն իրենց հեռախոսների միջոցով շուրջօրյա տեղեկատվություն ստանալու իրենց սպառած էլէներգիայի վերաբերյալ:

«Առավոտի» այն հարցին, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բազմիցս տուգանել է ՀԷՑ-ին` նոր սպառողներին ժամկետից ուշ ցանցին միացնելու պատճառաբանությամբ: Նախկին ղեկավարները պնդում էին, որ չկա քաղաքի զարգացման հստակ պլան, օրենսդրական դաշտը թերություններ ունի եւ այլն, Դուք է՞լ նույն կարծիքին եք, այսօր ինչպիսի՞ն է նոր միացումների հետ կապված իրավիճակը, Կարեն Հարությունյանն ասաց, որ ուշացումներ արդեն չկան, եղածներն էլ եզակի դեպքեր են, որոնք տեխնոլոգիական լուծումների հետ կապված խնդիրների պատճառով են. «Ես եւ իմ կոլեկտիվը մեր պարտքն ենք համարում առավելագույն սեղմ ժամկետներում բոլոր ցանկացողներին ապահովել էլեկտրաէներգիայով»,- ասաց գլխավոր տնօրենը: Պարոն Հարությունյանի տվյալներով՝ 2014 թ.-ի նույն ժամանակահատվածում` հունվար-օգոստոս ամիսների ընթացքում, ՀԷՑ-ին միացել է 2300 նոր բաժանորդ, 2015-ին` 1940, այս ամիսների ընթացքում` 3100 միացում, այսինքն՝ ըստ Կ. Հարությունյանի, նոր բաժանորդների թիվը մեկուկեսից երկու անգամ աճել է:

«Բողոքել, որ մենք չունենք զարգացման ծրագիր եւ դրա պատճառով ուշացնում ենք՝ ճիշտ չէ, մենք շատ արդյունավետ համագործակցում ենք մասնավորապես` Երեւանի քաղաքապետարանի եւ բոլոր տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ, եւ մեզ համար առավելագույնս հստակ են զարգացման ուղղությունները, եւ դրա արդյունքում է, որ մեր ներդրումային ծրագրերի մի մեծ հատված նվիրված է Երեւանի կենտրոնը լրացուցիչ հզորություններով ապահովելուն: Բոլորս հասկանում ենք Երեւանի կենտրոնի գերբեռնվածությունը, եւ մենք ունենք դրա լուծումը, որը համաձայնեցված է ե՛ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի հետ: Ծրագիրն ընթացքի մեջ է: Այն նախատեսում է Երեւանի կրկեսի, պուրակի եւ գլխավոր պողոտայի լրացուցիչ հզորությունների տեղափոխում քաղաքի կենտրոն, որը հնարավորություն կտա լուծել այսօրվա դրությամբ առկա բացը: Կան նորակառույց շենքեր, որոնք դեռեւս պահանջվող հզորությամբ չենք կարողանում ապահովել: Դա կլուծի ե՛ւ այդ բացը, ե՛ւ առաջիկա տարիների համար կստեղծի պոտենցիալ հնարավորություն մեր մայրաքաղաքի զարգացման համար: Համատեղ, կշռադատված գործողություններով մենք շարժվում ենք առաջ»:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

15.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930