«Իրակլի Ալասանիա –Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշ հարցումների արդյունքների համաձայն քաղաքական այն ուժերից է, որը խորհրդարանական ընտրություններից հետո 5%-անոց անցումային սանդղակը հաղթահարելու և համապատասխանաբար 2016 թվականի խորհրդարանի կազմում հայտնվելու մեծ հավանականություն ունի:
Մի քանի օր առաջ կուսակցությունը հրապարակեց նախաընտրական ծրագիրն ու թեկնածուների 200 հոգանոց ցուցակը: Թեկնածուների ցուցակի հետ ծանոթանալուց հետո պարզվում է, որ այնտեղ ազգությամբ մեկ հայ թեկնածու է՝ համամասնական ցուցակի 21-րդ համարի ներքո ընդգրկված Միքայել Ավագյանը:
«Իրակլի Ալասանիա –Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուների ցուցակում 3 ադրբեջանցու ազգանուն է նշվում՝ Կասիմով Բաիրամ՝ Բոլնիսի ընտրական շրջանի մեծամասնական թեկնածու և 2 ադրբեջանցի թեկնածու՝ համամասնական ցուցակով:
Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ կուսակցության ծրագրի քաղաքականությանը, այն արդեն հիշատակված կուսակցությունների քաղաքականությունից էականորեն չի տարբերվում: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ կուսակցությունների մեծամասնության նախաընտրական ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, գրել է նույն մարդը…
Կարդացեք նաև
Ահա թե ինչ է խոստանում երկրի ազգային փոքրամասնություններին «Իրակլի Ալասանիա–Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝
«…Կբարելավի էթնիկ փոքրամասնությունների համար պետական լեզվի ուսուցումն ու նրանց կրթական աջակցության ծրագիրը,
Կրթական համակարգում պետք է լինի քաղաքացիական ինտեգրման ու ժողովրդավարական մշակույթի զարգացման հարցերի ակտիվացում՝ նկատի ունենալով դպրոցական քաղաքացիական կրթության հետագա զարգացումը, ներառյալ կրթության աջակցումը, պետական լեզվի ուսուցման գործընթացի հզորացումն էթնիկ փոքրամասնություններով բնակելի, նաև օկուպացված տարածքներում և երկրի սահմաններից դուրս գտնվող վրացական համայնքներում…»: