Լրահոս
Օրվա լրահոսը

Որ հերոսների կարիքը չունենանք

Սեպտեմբեր 15,2016 10:12

Բերտոլդ Բրեխտի «Գալիլեյի կյանքը» պիեսում կա հանրահայտ մի դրվագ. երբ իտալացի գիտնականին շատ են նեղում, նրա աշակերտը` Անդրեան, զայրացած բացականչում է. «Դժբախտ է այն երկիրը, որը հերոս չունի»: «Ոչ,- պատասխանում է գիտնականը,- դժբախտ է այն երկիրը, որը կարիք ունի հերոսների»: Այսինքն` ցանկալի վիճակն այն է, որ երկրում ամեն ինչ այնքան կարգավորված լինի, պետական մեխանիզմներն այնքան արդյունավետ աշխատեն, որ ոչ մի արտակարգ, ֆորսմաժորային, հերոսական ջանքեր չպահանջվեն: Երկրի ուժեղ, խարիզմատիկ լիդերի պահանջարկը նույն շարքից է: Երբ ասվում է` «ուժեղ առաջնորդ», սովորաբար նկատի ունեն մի անձնավորության, որը րոպեն մեկ գոռգոռում է իր ենթակաների վրա, թերանալու դեպքում հրամայում է նրանց «գլխատել», ինչպես նաեւ ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իր կառավարումից:
Եթե երկիրը հերոսի կարիք ունի, ուրեմն ամեն ինչ այնքան է ապականված, որ մարդիկ սովորական, ոչ հերոսական առօրյայից որեւէ դրական բան չեն սպասում: Մարդիկ սպասում են հրաշքի, ինչ-որ առասպելական կերպարի, որը գերբնական ճիգերով կպարգեւի մարդկանց առատություն եւ արդարություն: Երբ նման հերոսը՝ ի դեմս նոր նախագահի կամ վարչապետի, չի արդարացնում այդ ֆանտաստիկ սպասելիքները, մարդիկ հիասթափվում են, ձեռքերը ծնկներին են խփում ու բացականչում` «էլի մեզ խաբեցին»:

Ես չգիտեմ, թե ինչպիսի վարչապետ է լինելու Կարեն Կարապետյանը, եւ իմ մեջ որոշակի կասկածներ է առաջացնում նրա կապը «Գազպրոմի» հետ, որովհետեւ այդ «կանտորայի» եւ Հայաստանի պետական շահերը տարբեր են եւ կարող են նաեւ հակադրվել: Բայց նրա` վարչապետի կարգավիճակում առաջին ելույթում փոքր-ինչ հուսադրող էր, որ նա չփորձեց «սվաղել» իրավիճակը եւ ներկայանալ որպես ինչ-որ սուպերմեն, որը մի քանի ամսում կշտկի վիճակը: Ես, օրինակ, չեմ կասկածում, որ մեր իրավիճակում դրական փոփոխություններ կարող են լինել միայն ոչ պոպուլյար, ցավոտ քայլերով:

Նախընտրական վիճակում դրանք առավել դժվար են լինելու, բայց ցանկացած պոպուլիզմ, հաշտվողականություն, «յոլա գնալու» միտում նշանակում է տապալում: Մյուս կողմից` ամեն մի «ոչ ժողովրդահաճո» քայլ պետք է բացատրվի, ինչպես նոր վարչապետն ասաց` «թուղթ եւ գրիչով», այսինքն` հստակ, պրագմատիկ հաշվարկներով: Այս կառավարության առաքելությունը ես տեսնում եմ հենց այդ սթափությունը ներարկելու, «հերոսական ռոմանտիկայից» մարդկանց հեռացնելու մեջ:

Ռազմի դաշտում, արտաքին հակառակորդին դիմադրելիս, այո, հերոսություն է պետք: Բայց եթե թիկունքում լինեն մեխանիզմներ, հատկապես պետական կառավարման համակարգում, որոնք հաջողություն են ապահովում համեստ, պարկեշտ, աշխատասեր մարդկանց, գուցե արտաքին վտանգները նույնպես նվազեն:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հայաստանի ամբողջ տնտեսությունը, առաջին հերթին, կախված է ՀՀ կենտրոնական բանկից, որը ենթակա չէ ՀՀ վարչապետին:
    Անվտանգությունը, պաշտպանությունը, դատախազությունը (վերահսկող մարմին) ենթակա չեն ՀՀ վարչապետին:
    Ի՞նչ կարող է անել վարչապետը (որպես կիրթ, անկախ, արդար, օրինապահ մարդ), քանի դեռ կան կոռումպացված համակարգի անպատիժ մնացած, օրենքով արտոնյալ, վառ դեմքերը՝ ՀՀ նախագահները:
    Ոչի՛նչ:

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    Տնտեսության զարգացման և դրանից ածանցված կյանքի այլ ոլորտներում առաջընթաց ապահովելու համար կապիտալիզմի պայմաններում հասկայական դեր է վերապահված անհատին/թիմին, որովհետև մեխանիզմները մշակվում են երկարատև ժամանակահատվածում, այդ թվում հենց անհատի/թիմի գործունեությամբ, իսկ որպես զարգացման խթան և առաջ տանող ուժ միշտ առաջին պլան է մղվում անհատը/թիմը:

  3. Հ.Շ. says:

    Անթերի եւ բարձրորակ վերլուծութիւն:

    Միայն թէ, այստեղ, «հերոս»ի սահմանումը հիմնականօրէն սահմանափակվում է բառին մարտական ու կռվազան, փառապանծ, շողշողուն առումով. նաեւ գերմարդկային – եւ հետեւաբար՝ կեղծիք կամ պատրանք արտադրող – չափանիշներով: Քիչ մը այսպէս՝
    I need a hero :
    https://www.youtube.com/watch?v=pQyefUxoi_U

    Սակայն մարդկային էակը կարող է կեանքի ամենասովորական, առօրյա ու «տափակ» մակարդակի վրայ, լինել հերոս, առանց որ մանաւանդ ընդհանուր հանրութիւնը գիտնա այդ մասին: Այս օրերին հատկապէս՝ տարրական եւ բանական չափանիշներով առաքինի, արժէքների հաւատացող եւ զանոնք իրապէս կիրառող, առանց աղմուկի եւ իրարանցումի՝ ընտանիքին եւ համայնքին նվիրված անձ, հերոս է: Կարող է օրինակելի տիպար հանդիսանալ: Ինծ’ թվում է թէ այդ տեսակի խոնարհ հերոսների կարիքը ունենք: Միւս տեսակի պարագային է որ, արդարեւ, «we don’t need another hero»՝
    https://www.youtube.com/watch?v=dq4aOaDXIfY

    • Հ.Շ. says:

      (խմբագրականի վերջին պարբերութեան մէջ նշվում է իմ նկարագրած հերոսի վերաբերող տիպարը, սակայն ոչ որպէս հերոս, այլ հերոսների հակադրվող տիպար… մինչ, որոշ տեսանկիւնէ մը՝ այդ ոչ-«հերոսներն» են իսկական հերոսները… կռվի դաշտի պայքարը աւելի հեշտ է, քան թէ առօրյա կեանքի պատասխանատվութիւնների պատշաճ, հարատեւ դիմագրավումը… նոյնիսկ, ոմանց պարագային՝ մարտական ուղին կրնա փախուստ լինել իսկական պայքարից… եւ ահա որ «հերոսը» կը դառնա արդէն դասալիք…)

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այսօր Ռուսաստա՛նն է (այլ ոչ Արևմուտքը) գրավել-գաղութացրել Հայաստանի տնտեսությունը: Պարզ է,որ Սփյուռքն ու Արևմուտքը կոռուպտ Ռուսաստանի «գուբեռնիա» դարձած Հայաստանում լուրջ ներդրումներ չի կատարի: Հայաստանը դու՛րս պիտի գա ԵՏՄ կոչված հիմարությունից ու պիտի՛ սանձի Գազպրոմի գազային տեռորը Հայաստանում և առնվազն 500 մլն դոլար տարեկան վարձ պիտի պահանջի Հայաստանում ռուսական բազաների համար: Ռուսաստանի ՁՐԻ ՕՐԵՐԸ Հայաստանում պիտի վերջանա՛ն: Ոչ ոք դեմ չէ Հայաստան-Ռուսաստան լավ հարաբերություններին, բայց ո՛չ այս ձևով:

  5. gib.gibindus says:

    Բերթոլդ Բրեխթի «Գալիլեյի կյանքը» պիեսը գրվել է 1938-39 թթ.: Այն ժամանակվա հերոսը Գերմանիայի և ցավոք պետք է նշել՝ գերմանացիների մեծամասնության համար, Հիտլերն էր: Այսօր մեր ուզածը (գոնե իմ և մի քանի իմ ծանոթների) ընդամենը ազնիվ և գրագետ վարչապետն է: Սա է մեր “հերոսը”: “Մեր ժամանակի հերոսը” թեման փակված չէ և երևի միշտ էլ կլինի: Ովքե՞ր են այդ հերոսները-Հիտլերը, Միկկի Մաուսը թե պիոներ Պավլիկ Մորոզովը՝ դա ուրիշ հարց է: Եթե ազնիվ և գրագետ պարչապետ ուզելն է մեր դժբախտության արտահայտչամիջոցը, ապա լավ , եղավ, էլ չենք ուզում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930