Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքը մեր տունն է, որն առավել է ցանկացած պաշտոնից ու կոչումից»

Սեպտեմբեր 15,2016 14:30

Հոկտեմբերի 2-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար Արգել համայնքապետի թեկնածու է գրանցվել Աշոտ Նալբանդյանը:

-«Պարոն Նալբանդյան, ինչո՞ւ որոշեցիք Արգել համայնքում մասնակցել հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին»՝ հարցից էլ սկսվեց մեր հարցազրույցը:

– Սկսեմ նրանից, որ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը պատկանում է բոլոր քաղաքացիներին, որից ցանկացել եմ օգտվել նաեւ ես: Արդեն շուրջ 50 տարի է` ապրում եմ Արգել գյուղում, գիտեմ համայնքի առջեւ ծառացած ու դեռեւս չլուծված բոլոր խնդիրները: Գիտեմ նաեւ, որ դրանց մեծ մասը, չնչին ցանկության ու պատրաստակամության դեպքում, միանգամայն լուծելի խնդիրներ են: Այդ գործում շատ կարեւոր է համագյուղացիների հետ մշտական շփումը պահպանելը, նրանց լսելը եւ համատեղ որոշումներ կայացնելը:

– Դուք տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի փորձ նախկինում չեք ունեցել: 22 տարի աշխատել եք ոստիկանության համակարգում: Չե՞ք կարծում, որ դա կարող է Ձեզ խանգարել աշխատանքի ընթացքում:

– Գիտեք, չեմ ժխտում, որ ցանկացած գործում հաջողությունը մեծապես կախված է նաեւ փորձառությունից: Բայց մի մոռացեք, որ համայնքի ղեկավարումը որքան փորձ է պահանջում, նույնքան էլ իրավական եւ տնտեսական գիտելիքներ, որոնցից, փառք Աստծո, դեռ չեմ նեղվել: Ի վերջո, իրավապահ մարմիններում ունեցածս փորձը չի կարող պետք չգալ նաեւ այս ոլորտում: Կա նաեւ նվիրվածության եւ առկա խնդիրներին իրական լուծում տալու պատրաստակամության խնդիրը: Եթե ունեցածդ փորձը պետք է ծառայեցնես ոչ թե համայնքի խնդիրների լուծմանը, այլ միայն քո եւ քո մի քանի մերձավորների անձնական պահանջմունքների բավարարմանը, ապա այդ դեպքում փորձառությունդ ոչինչ արժե:

– Ձեր մրցակիցը գործող գյուղապետ Մաթեւոս Ավագյանն է: Այդ հանգամանքը Ձեզ չի՞ անհանգստացնում:

– Այդ հանգամանքն ինձ կանհանգստացներ, եթե գործող գյուղապետը սրտացավ ղեկավարեր համայնքը: Այդ ժամանակ ես չէի էլ փորձի ուժերս, քանի որ ժողովուրդը չէր ընդունի իմ ցանկությունը: Տվյալ դեպքում նման մրցակից ունենալը՝ անկախ նրա այսօրվա կարգավիճակից, իմ առավելությունն է: Առաջադրվելուց առաջ ես շատերի հետ եմ զրուցել, դժգոհությունը սահմաններ չունի: Իմ առաջադրվելը հենց այդ դժգոհության արդյունքն է, երբ համայնքում ապրողները լրիվ մեկուսացված են համայնքի ղեկավարությունից: Նա իր պաշտոնավարման 17 տարիների ընթացքում ոչ մի ոլորտում աշխատանքներ չի տարել կառավարման, առողջապահության եւ բժշկական սպասարկման, աշխատանքի կազմակերպման, օրինականության ապահովման, սոցիալական աջակցության, կոմունալ ծառայության, բնակարանային ապահովության, ճանապարհաշինության, կրթության, գիտության, մշակույթի եւ հոգեւոր դաստիարակության ոլորտներում: Ի դեպ, օրերս գլխավոր ճանապարհի ասֆալտի մասնակի վերանորոգումը կատարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մրցութային կարգով. գյուղապետարանը կապ չունի: Նախընտրական քարոզարշավը դեռ չսկսված՝ օգոստոսի 15-ից համայնքում կատարվում է ճանապարհների անորակ բետոնացում, բնակելի շենքերի տանիքների մասնակի վերանորոգում: Երբ այցելեք համայնք՝ կտեսնեք տեղամասի դռները փակ, ժողովուրդը չի կարողանում ծանոթանալ ցուցակներին (տե՛ս լուսանկարը):

– Պարոն Նալբանդյան, դժվար չի՞ լինի ոլորտը փոխելն ու անմիջապես հաջողություն գրանցելը:

– Արդեն ասացի, որ համայնքի ղեկավարումը նույնպես իրավաբանություն է եւ օրենքների հետ աշխատանք է պահանջում, ինչը հենց իմ մասնագիտությունն է: Ասեմ ավելին, ինձ ընդամենը մեկ աստիճան էր մնում գեներալի կոչում ստանալու համար, եւ իմ ծառայողական անցյալի պայմաններում դա շատ մոտ ակնկալիք էր, սակայն տեսնելով հարազատ համայնքի վիճակը՝ գյուղի բնակիչների կյանքում ինչ-որ դրական փոփոխություն մտցնելու ցանկությունն ավելի ուժեղ գտնվեց: Ընդառաջելով բազմաթիվ համագյուղացիների հորդորներին՝ ես ընտրեցի իմ հետագա եռանդը գյուղի խնդիրները լուծելուն ծառայեցնելու տարբերակը: Երբ տեսնում ես, թե ինչպես է կյանքի հետ միայնակ կռիվ տալիս անպաշտպան գյուղացին, այդ ժամանակ հաճախ ոչ կոչումն է հետաքրքրում, ոչ էլ առաջխաղացումը: Չէ՞ որ համայնքը մեր տունն է, որն առավել է ցանկացած պաշտոնից ու կոչումից:

– Դուք անկուսակցակա՞ն եք: Ասում են՝ գործող գյուղապետը հայտարարել է, թե իրեն պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը, քանի որ ինքը հանրապետական է: Նա նաեւ ակնարկել է մարզի ղեկավարության կողմից իրեն աջակցելու խոստումների մասին:

– Ես չգիտեմ՝ իրեն ով է աջակցում եւ ինչ են նրան խոստացել, բայց որոշողը մեր համագյուղացիներն են, եւ նրանց կարծիքն ու կամքը երբեք չի կարելի անտեսել: Բացի այդ, խիստ կասկածում եմ, որ որեւէ քաղաքական ուժ կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա աջակցի մի գյուղապետի, ով նվազագույն վստահություն անգամ չունի իր համայնքում: Համայնքում կան մարդիկ, ովքեր աշխատում են բացթողումներով, իսկ գործող գյուղապետն ընդհանրապես անտեսում է համայնքի շահերը: Արդյունքում ոչ մի դրական առաջխաղացում տեսանելի չէ: Ինչպե՞ս կարելի է աջակցել մեկին, ով ուղղակի համայնքի համար աշխատել չի սիրում: Գուցե ինքն է հնարել այդ ասեկոսեները` շրջապատում հաղթողի տպավորություն թողնելու համար: Չունեմ նման տեղեկատվություն: Չընտրվելու դեպքում կշարունակեմ ծառայությունս ոստիկանությունում:

Իմ հենարանը համագյուղացիներս են, ում կարծիքն ու վստահությունն ինձ համար ամենակարեւորն են:

R

 

«Առավոտ»

14.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930