Լրահոս
Օրվա լրահոսը

Վավերագրողը կարճամետրաժ ֆիլմ կնկարի գնացքում

Սեպտեմբեր 15,2016 14:00

Գեորգի Ասատրյանը չի բացառում նաեւ ագրեսիվ կտորները

Մեզանում կարծես այդպես էլ չի ձեւավորվում վավերագրական ֆիլմերի հանդիսատես: Փաստն այն է, որ կինոթատրոններում գրեթե չեն ցուցադրվում վավերագրական ֆիլմեր: Բայց անհերքելի է նաեւ այն, որ 2004-ին հիմնադրված «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ մեր հանդիսատեսը սկսեց հաճախել կինոթատրոն՝ նաեւ վավերագրական ֆիլմեր դիտելու նպատակով: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներից է ճանաչված կինովավերագրող Հարություն Խաչատրյանը:

Ավելորդ չհամարեցինք կինովավերագրող սցենարիստ Գեորգի Ասատրյանի հետ «Առավոտի» զրույցը սկսել հայկական կինովավերագրության հակիրճ էքսկուրսով: «Հայկական վավերագրական կինոյի սկիզբը դրվել է 1920թ. Ա. Լեմբերգի նկարահանած՝ «11-րդ Կարմիր բանակի մուտքը» ֆիլմով: 1924-ին էկրան է բարձրանում առաջին՝ «Խորհրդային Հայաստան» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմը, որի հեղինակները մի խումբ կինոօպերատորներ էին: Այնուհետեւ փաստավավերագրական կինոյի զարգացումը Հայաստանում ընթացել է գեղարվեստականին զուգահեռ: Սկսած 1930-ականներից՝ վավերագրական ֆիլմեր են նկարահանել Հ. Բեկնազարյանը, Լ. Իսահակյանը, Գ. Բալասանյանը եւ մյուսները: 1950-ականների վերջերից վավերագրական կինոն «համակարգվեց», սկզբում՝ Երեւանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա, հետագայում՝ Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիա, 1982-ից՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորում:

Վավերագրականի ոլորտում 1970-ականները համարվում են բեղուն շրջան: Միայն թվարկելով մի քանի անուններ՝ պատկերը պարզ կդառնա՝ Արտավազդ Փելեշյան, Ռուբեն Գեւորգյանց, Արա Վահունի եւ այլն: Ընդ որում, որպես սցենարի հեղինակներ՝ կինովավերագրողի հետ սկսեցին աշխատել գրողներ, այդ թվում՝ Գեւորգ Էմինը, Վարդգես Պետրոսյանը, Վահագն Դավթյանը եւ այլք»,- ասաց Գեորգի Ասատրյանը՝ հավելելով, որ վավերագրությունը բազմաթիվ ճյուղեր ունի՝ ֆիլմեր երկրի պատմության, տնտեսության, հայտնի դեմքերի մասին, գիտահանրամատչելի, ուսումնական ֆիլմեր եւ այլն: Իսկ մեր զրուցակիցը շուրջ 10 տարի «հիմնել» է ֆիլմաշար՝ «Աշխարհը ոտքիդ տակ» խորագրով, ու կենտրոնացել «Հայկական հետքի» վրա: Մանրամասնելով ասվածը՝ կինովավերագրողը նշեց, որ իր ձեւակերպմամբ՝ հիմնական գործունեությունը ծավալում է եվրոպական երկրներում եւ փորձում տեղի մշակույթում պեղել, գտնել հայկական հետքը: «Օրինակ՝ վերջերս Սուրբ Ղազար կղզում էի, որը Վենետիկի գլխավոր այցեքարտերից մեկն է: Եղա Ֆլորենցիայում, անընդհատ բացահայտելու նորանոր նյութեր կան: Բնականաբար, օգտվում եմ արխիվներից»,- նշեց արվեստագետը: Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ իր աշխատանքները չի ներկայացնում արտասահմանյան կամ հենց թեկուզ մեր «Ոսկե ծիրան» փառատոնին, Գեորգին պատասխանեց՝ «այն, ինչը կուզեի ներկայացնել, ինձ թվում է՝ դեռ չեմ իրականացրել»:

Հետո էլ հայտնեց, թե մտադրություն ունի սկսել իր առաջին կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները՝ մոտ 16-17 րոպե տեւողությամբ. «Ամբողջ ֆիլմը մտադիր եմ նկարահանել գնացքում: Բնականաբար, կլինեն տարբեր սեռի անձինք, բայց սա զուտ մարդկային փոխհարաբերությունների մասին է: Ցույց կտամ նրանց տարբեր հոգեվիճակներում, հնարավոր է՝ նույնիսկ ծայրահեղ, ինչու չէ, հնարավոր է, որ հերոսս հենց կուպեում մեռնի, բայց դա այնպես հրամցնել, որ հանդիսատեսը ողբերգություն չապրի: Այսօր առանց այդ էլ ագրեսիայի մասով մեր ֆիլմերում պակաս չի զգացվում: Մինչ աշխատանքներ սկսելը՝ հենց այսօրվանից եմ մտածում հանդիսատեսի մասին, որ նա դրական հույզեր ստանա, ի վերջո՝ ֆիլմը դրական ուղերձ հաղորդի դիտողին: Չմոռանանք, որ յուրաքանչյուր ֆիլմ յուրատեսակ թերապիա պետք է կատարի: Եվ ինչու չէ՝ յուրաքանչյուր ֆիլմ պետք է իր մեջ ներգրավի ժամանցայինի գաղափարը, ինչը ենթադրում է դրական լիցքեր եւ այլն»:

Հետաքրքրվեցինք՝ տեւական ժամանակով Եվրոպա իր մեկնելու համար գուցե մշտական հովանավո՞ր ունի: Մեր զրուցակիցը ժպտալով նշեց, թե մշտական հովանավորողներ չկան՝ գոնե իր դեպքում, հետո էլ ասաց, որ այս պահին «բանավոր» բանակցում է ամերիկահայ մի գործարարի հետ: Նպատակն է Հայաստանում հիմնել կրթական հիմնադրամ: «Այո, հենց կրթական: Նպատակս է աջակցել թե՛ արվեստագետներին, թե՛ արվեստասերներին: Վերջիններիս մոտ էլ հնարավոր է, չէ՞, որ ծնվեն հետաքրքիր գաղափարներ»,- ընդամենն այսքանը՝ առանց այլ փակագծեր բացելու հայտնեց Գեորգի Ասատրյանը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930