Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ նշվեց Օհանավանի տոնը

Սեպտեմբեր 15,2016 13:30

Այստեղ են ամփոփված Հովհաննես Մկրտչի մասունքները

Օրերս նշվեց Օհանավանի տոնը: Մարդիկ դեռ վաղ առավոտից շտապել էին իրենց մասնակցությունը բերել առաջին անգամ անցկացվող տոնախմբությանը: Հովհաննավանքի զանգերի ղողանջներից հետո ազդարարվեց տոնակատարության բացումը: Ելույթ ունեցան գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը, դպրոցի նախկին տնօրեն Դորվարդ Կարապետյանը, պատմաբան Արմեն Ասատրյանը: Վերջինս ներկայացրեց Օհանավանի պատմական տարեգրությունը: Իմիջիայլոց, Օհանավանում մինչ ուշ երեկո թեւածեց ուրախությունը, երգ-երաժշտություն: Մարդիկ մտորում էին վերականգնելու գյուղի հին անվանումը՝ Հովհաննավանք:

Նշենք, որ Հին Հովհաննավանքի տարածքում մարդն ապրել է դեռեւս անհիշելի ժամանակներից սկսած: Այստեղ են իրենց հանգիստը գտել հայոց Տրդատ Մեծ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը: Բնակավայրը դարերի ընթացքում բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակմանն ու կեղեքմանը, այստեղով անցել են բյուզանդացիներն ու պարսիկները, արաբներն ու սելջուկ թուրքերը, մոնղոլ-թաթարներն ու Լանկ Թեմուրը, եւ գրեթե միշտ ավերման եզրին հասցրել հնամենի բնակավայրը: Սակայն այդ ավերածություններից հետո էլ բնակավայրը նորից շենացել է, վերանորոգվել է վանքը:
Հին Հովհաննավանքը Արագածոտն գավառի ոչ միայն հոգեւոր կենտրոնն էր՝ եպիսկոպոսանիստը, այլեւ մշակութային նշանավոր գրչօջախ: Եվ պատահական չէ, որ 13-րդ դարում Կիրակոս Գանձակեցին, թվարկելով Հայաստանի 9 խոշոր վանքերը, դրանց թվում նշել է նաեւ Հովհաննավանքը:

Ինչպես հայտնի է, Հովհաննավանքի բազիլիկ եկեղեցու տեղում նախաքրիստոնեական ժամանակներում կանգուն է եղել Աստղիկ աստվածուհու պաշտամունքային մեհյանը, որի հենապատերը դեռեւս նշմարվում են: Այստեղ մեծ շուքով տոնվել է Վարդավառը, որը շարունակվում է նաեւ մեր ժամանակներում: 4-րդ դարի սկզբնամասում, քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո, Գրիգոր Լուսավորիչը այդ մեհյանի տեղում կառուցել է Հայաստանում քրիստոնեական առաջին աղոթատներից մեկը եւ տեղում ամփոփել Հովհաննես Մկրտչի նշխարները, որտեղից էլ բազիլիկ շինությունը անվանվել է Հովհաննավանք: Անշուշտ, այն առաջիններից էր, որի պատճառով էլ անվանվել է նաեւ Սուրբ Կարապետ, այսինքն՝ առաջնորդող, առաջնեկ: 13-րդ դարում Վաչության իշխանները կառուցել են Հովհաննավանքի կաթողիկեն (1215-1221 թթ.) ու գավիթը (1248-1251 թթ.): Հովհաննավանքը, որը սկզբնապես եղել է փայտածածկ, հիմնովին վերանորոգվել է 5-րդ դարում, եւ ենթադրվում է, որ վանահայրը հանրահայտ Ղազար Փարպեցին էր, որը ամենայն հավանականությամբ եղել է նաեւ հիմնադրված դպրոցի դպրապետը: Հովհաննավանքի դպրոցը 1639 թ. Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի հրամանով տեղափոխվել է Էջմիածին եւ հիմք հանդիսացել նորաստեղծ Ժառանգավորաց դպրոցի, որն էլ 1882 թ. վերածվել է Գեւորգյան ճեմարանի: Հովհաննավանքը գոյատեւել է մինչեւ 18-րդ դարի վերջերը եւ աստիճանաբար լքվել ու ամայացել: 18-րդ դարի մշակութային գործիչներից էր Էջմիածնի Մայր տաճարի միաբաններից Մեսրոպ եպիսկոպոս Հովհաննավանքցին:

Գյուղը նորից վերակենդանացել ու վերականգնվել է 1828 թ. գարնանը, ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Պարսկահայքի Խոյի եւ Մակվի միջեւ գտնվող Սեյդավար գյուղից շուրջ 7-8 ընտանիքներ տեղափոխվել են Հովհաննավանք: Արդեն 1831 թ. անցկացված մարդահամարում գյուղում նշվել է 40 տուն՝ 229 բնակչով: Գյուղի տանուտերը եղել է Մելիք Ղուլիջան Բարսեղյանը: Վանքում երկար ժամանակ քահանայագործել է Բարսեղ քհյ. Տեր-Պողոսյանը:

1817 թ. հուլիսին Հովհաննավանք է այցելել Հնդկաստանում բրիտանական բանակի սպա Ջոն Ջոնսոնը. «Բարձունքների վրայից գնացինք Հովհաննավանք, մի գյուղ, որն ուներ մի քանի թշվառական հյուղակներ՝ մի մեծ ավերակ եկեղեցու կողքին»: Շուրջ 10 տարի անց՝ 1827 թ. դեկտեմբերին, Հովհաննավանք են այցելել Ներսես Աշտարակեցին, գեներալ Կրասովսկին եւ դեկաբրիստ Լաչինովը: Իսկ 1843 թ. մայիսին Հովհաննավանք է այցելել Մյունխենի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բնագետ Մորից Վագները՝ Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ: Նա գրել է. «Վերին աստիճանի գեղատեսիլ եւ սքանչելի պատկեր է բացվում, երբ Արագածի դարավանդից դիտում ես խոր կիրճը: Այդ ահազդու վայրի տեղանքն ամենից լավ կարելի է դիտել Հովհաննավանքի մենաստանից: Ձիս կապել էի վանական այգու ցանկապատից եւ մեկ ժամից ավելի դիտում էի այդ գեղատեսիլ վայրը, որը, հիրավի, արժեր, որ որեւէ արվեստագետի վրձնով վերարտադրվեր հայրենակիցներիս համար, որոնք անձամբ չեն կարող ճամփորդել Հայաստանում»:

Խորհրդային տարիներին Օհանավան են այցելել ճանաչված մտավորականներ, գրողներ, կուսակցական գործիչներ եւ այլն: Այստեղ հարսանիքի է մասնակցել Ավետիք Իսահակյանը, իսկ 1960 թ. նոյեմբերին Օհանավանի դպրոցը սրտաբաց ընդունել է Հովհաննես Շիրազին:

Անկախության առաջին տարիներին օհանավանցիներն էլ են կրել հանրապետությանը բաժին հասած դժվարությունները, տնտեսական ճգնաժամը, սակայն դիմացել եւ իրենց աշխատասիրությամբ քայլել են առաջ: Այդ տարիներին գյուղում գործել է «Հովհաննավանք» հեռուստակայանը, հրատարակվել է «Ծաղկեվանք» թերթը եւ այլն:

 
ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
պատմաբան

«Առավոտ»

14.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930