Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարանական կրթության 25-ամյա բարեփոխումների դասերը

Սեպտեմբեր 15,2016 13:00

Անկախության տարիներին մեր հանրապետությունում լուրջ փորձությունների ենթարկվեց համալսարանական կրթությունը, որն անընդհատ բարեփոխումների ենթարկվելով՝ դեռեւս մրցակցային չի համարվում միջազգային կրթական շուկայում: Հիմնական պատճառներից մեկը իրականացված բարեփոխումների մակերեսային բնույթն է: Առաջին փուլում նորանկախ հանրապետությունում մասնավոր կրթական համակարգի զարգացումն էր: Ընդլայնվեց ոչ միայն մասնավոր համալսարանների ցանկը, այլեւ հենց պետական բուհերում կրթավճարներով սովորող ուսանողների շրջանակը: Եվ թվում էր, թե մասնավորի ի հայտ գալով՝ բարձրանալու էր կրթության որակը, բայց տեղի ունեցավ հակառակը:

Համալսարանական կրթության բարեփոխումների հաջորդ փուլը առնչվում է Բոլոնիայի գործընթացին մեր հանրապետության անդամակցությանը: Թվում էր, թե ինտեգրվելով Բարձրագույն կրթության եվրոպական տարածքին՝ ՀՀ-ում կտրուկ կվերանայվեն կրթական ծառայությունների մատուցման մոտեցումները: Սակայն նորից ունեցանք մակերեսային բարեփոխումներ. ձեւական կրեդիտային համակարգ, անարդյունավետ մագիստրատուրա եւ կոսմետիկ փոփոխություններով ասպիրանտուրա: Եվ եթե կատարենք խորքային դիտարկումներ, ապա պարզ կդառնա, որ անկախության այս քառորդ դարում կիրառում ենք համալսարանական կրթության գրեթե նույն համակարգը, որը ժառանգեցինք խորհրդային տարիներից:

Միգուցե ընթերցողի մոտ հարց առաջանա, թե ի՞նչ վատ բան կա այդտեղ, չէ՞ որ Խորհրդային Միության համալսարանական համակարգը օրինակելի էր մոլորակի շատ երկրների համար եւ արդարացնում էր իրեն: Միգուցե, հարցադրումն արդարացված է եւ պատասխանն էլ ճշմարիտ, սակայն կարծում եմ՝ միայն անցյալ դարաշրջանի տեսանկյունից: Ժամանակները փոխվել են, իսկ ՀՀ-ում գործող համալսարանական կրթական համակարգը մնացել է գրեթե անփոփոխ, մրցակցային չէ եւ լուրջ բարեփոխումների մարտահրավերների առջեւ է կանգնած: Այդ բարեփոխումների գործընթացը շուրջ երկու տասնամյակ դոփում է տեղում, որից մենք պետք է անկախության քսահինգամյա շեմին դասեր քաղենք:

Նախ եւ առաջ, համալսարանական կրթությունը դեռեւս հասցեագրված չէ աշխատաշուկային, եւ արդյունքում յուրաքանչյուր տարի բուհերի բազմահազարանոց շրջանավարտները լրացնում են մեր երկրում բարձրագույն կրթությամբ գործազուրկների դժգոհ բանակը: Կրթություն-աշխատաշուկա կամրջումը հազվագյուտ մասնագիտությունների գծով է նկատվում եւ հաճախ կրում է կարճաժամկետ բնույթ: Ուստի համալսարանները առաջին հերթին պետք ջանքեր գործադրեն ոչ թե դիմորդների հավաքագրման, այլ շրջանավարտներին աշխատանքի տեղավորման ոլորտում:
Անարդյունավետ բարեփոխումների լուրջ պատճառ հանդիսացավ նաեւ դասախոսակենտրոն կրթական համակարգին «կառչելը»: Շուրջ երկու տասնամյակ է, ինչ խոսվում է ուսանողակենտրոն կրթական համակարգին անցման անհրաժեշտության մասին, սակայն մինչեւ այժմ էլ այդ ուղղությամբ արդյունքները նկատելի չեն: Դեռեւս համալսարանական գործող համակարգը պահպանում է անցյալ դարից ժառանգած կրթական հին տեխնոլոգիաները՝ արդյունքում թողարկելով շրջանավարտներ, որոնց մեջ գերակշիռ չեն գործատուի պահանջներին համապատասխան կարողություններով եւ հմտություններով երիտասարդ մասնագետները:

Եվ վերջապես, արդարացված չէ պետության ներկայիս վերաբերմունքը համալսարանական կրթական համակարգին: Անկախության քսանհինգամյա փորձը ցույց տվեց, որ պետությունը հիմնականում ստանձնեց համալսարանական կրթական համակարգում վերահսկողական գործառույթներ, որը անհրաժեշտ էր, բայց ոչ բավարար: Չէ՞ որ համալսարաններում է ձեւավորվում երկրի ազգային արժեքներից ամենակարեւորը` մարդկային կապիտալը, որին պետությունը պետք է իր խոսուն աջակցությունը ցուցաբերի: Մեր երկրի ուսանողության թվաքանակը, խոշոր երկրների համեմատ, այնքան էլ մեծ չէ, եւ կարծում եմ՝ ժամանակն է, որ պետությունը հանրային միջոցների հաշվին բուհերին ֆինանսավորի ոչ թե մասնակի, այլ ամբողջական ձեւաչափով:

ՀՀ-ում անվճար բարձրագույն կրթության իրականացումը միայն սոցիալական խնդիրներ չէ, որ պիտի լուծի: Այս պարագայում պետությունը խիստ շահագրգիռ կլինի համալսարաններում ծախսվող հանրային ռեսուրսների հատույցի գծով՝ բուհերին արդեն համարելով հասարակության շարժիչ ուժերի լոկոմոտիվներ, երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող գիտակրթական կենտրոններ, այլ ոչ թե բիզնես-միավորներ, որոնք ի զարմանս ինձ՝ պարբերաբար հայտնվում են խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում:

 
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

14.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930