Լրահոս
Օրվա լրահոսը

Խոլեստերինը նվազեցնող մթերքներ

Սեպտեմբեր 15,2016 12:30

Որքա՞ն պետք է լինի խոլեստերինի մակարդակը

Շատ օգտագործեք թարմ մրգեր, բանջարեղեն, խուսափեք կենդանական ծագում ունեցող սննդամթերքից: Կանոնավոր կատարեք ֆիզիկական վարժություններ՝ շաբաթական առնվազն 3 անգամ՝ 20-40 րոպե տեւողությամբ: Զբոսնեք, հեծանիվ քշեք, պարեք, զբաղվեք լողով, եղեք ակտիվ, հրաժարվեք ծխելուց: Առողջությունը պահպանելու համար այս խորհուրդները բժիշկներից հաճախ կարելի է լսել, որը խիստ անհրաժեշտ է դառնում հատկապես բարձր խոլեստերին ունեցողների համար:

Հայտնի է, որ խոլեստերինի մեծ մասը սինթեզվում է օրգանիզմում, սակայն ճարպոտ սնունդ օգտագործելու (կամ ծխելու, չմարզվելու) դեպքում խախտում եք օրգանիզմում խոլեստերինի կրողների հավասարակշռությունը:

Խոլեստերինից են սինթեզվում այնպիսի կարեւոր հորմոններ, ինչպիսիք են էստրոգենն ու տեստոստերոնը, վիտամին D-ն, ինչպես նաեւ այն ապահովում է բջիջների առողջությունը:
Մասնագետները նշում են, որ խոլեստերինի մեծ մասն առաջանում է լյարդում, եւ որոշ դեպքերում դրա բարձր մակարդակն արյան մեջ պայմանավորված է ժառանգաբար, իսկ խոլեստերինի մակարդակի բարձրացումն առավելապես կախված է սննդից, որը կարող է աթերոսկլերոզի զարգացման պատճառ դառնալ:

Խոլեստերինի բարձրացումն արյան մեջ հնարավոր չէ զգալ, այն որոշվում է միայն արյան լաբորատոր հետազոտությամբ:

Ըստ հետազոտությունների՝ խոլեստերինի մակարդակով կարելի է պատկերացում կազմել սրտամկանի ինֆարկտի զարգացման վտանգի մասին: Բժիշկները նաեւ նշում են, որ սրտամկանի ինֆարկտի զարգացման վտանգը պայմանավորված է ոչ միայն խոլեստերինով, այլեւ մի շարք այլ գործոններով՝ ծխելը, պասիվ կենսակերպ վարելը, ոչ օգտակար սնունդը: Ուստի հաճախ բժիշկները խորհուրդ են տալիս ճիշտ սննդակարգ, վնասակար սովորություններից հրաժարում եւ մարզանք:

xolesterin8-2

Խանգարված խոլեստերինի ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս Օմեգա-3 չհագեցած ճարպաթթու՝ ձկան յուղ, որը կա նաեւ բուսական յուղերի, կտավատի յուղի, ինչպես նաեւ ընդեղենի մեջ: Օգտակար են նաեւ խնձորը, վարսակը, սխտորը, սմբուկը;
Խնձորի պտղամսում պարունակվող պեկտինային նյութերը ոչ միայն դանդաղեցնում են ճարպերի յուրացումը, այլեւ նվազեցնում հագեցված ճարպաթթուների քանակությունը: Խնձորը նպաստում է կալցիումի յուրացմանը եւ հետեւաբար՝ խոլեստերինի եւ ճարպերի մակարդակի իջեցմանն արյան մեջ։

Վարսակի սերմի արտաքին շերտը հակախոլեստերինային հատկություններ ունեցող մթերքների ցանկում է։

Վարսակի ձավարը, փաթիլները եւ նույնիսկ ալյուրն իջեցնում են խոլեստերինի բաղադրությունն արյան մեջ՝ ինչպես պեկտին պարունակող խնձորը, տանձը, սերկեւիլը, սալորը եւ այլ մրգեր։

Բժիշկները շեշտում են, որ սխտորի, մանանեխի եւ ծովաբողկի հետ «հալչում» են նույնիսկ խոզի ճարպը եւ այլ ճարպ պարունակող մթերքներ:
Սրտի իշեմիկ հիվանդություն եւ սրտանոթային ռիսկի գործոններ չունեցող մարդկանց ընդհանուր խոլեստերինի մակարդակը նորմայում, ըստ մասնագետների, պետք է լինի մինչեւ 5,1 մմոլ/լ:

Aif.ru-ն նաեւ նշում է, որ գազարը, լոլիկը, ոլոռը, ձուկը, ընդեղենը իջեցնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ:

xolesterin8-3
Կայքը նշում է, որ ամերիկացի գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր օրական միջին հաշվով կերել են 60 գրամ ընկույզ (կապ չունի տեսակը), արյան մեջ խոլեստերինը կազմել է 5%:

Իսկ եթե օրական ընդամենը կես բաժակ եփած ոլոռ ուտեք, ապա երեք շաբաթ անց «վատ» խոլեստերինի մակարդակը կիջնի 20%-ով:

Ըստ ուսումնասիրությունների՝ օրական ընդամենը երկու գազար ուտելու դեպքում երկու ամից անց վնասակար խոլեստերինի մակարդակը կնվազի 15%-ով:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930