Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող 11 թեկնածուներից և ոչ մեկը թանկարժեք գույք չունի, սակայն դատելով թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած եկամուտի մասին նրանց հայտարարագրերից՝ առնվազն 6-ին կարելի է համարել ապահովված։ Վերջին հաշվով նրանից մի քանիսը բարձր պաշտոններ են զբաղեցրել ու զբաղեցնում, մեկը Գյումրու մանկավարժականի ռեկտոր է եղել (խոսքը ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի մասին է), մյուսը՝ Ջրմուղի պետ («Համախմբում» կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանը), երրորդը հիվանդանոցի գործադիր տնօրեն է (ՀՅԴ-ն ներկայացնող Աշոտ Կուրղինյանը), 4-րդը՝ ԱԺ պատգամավոր (Հովհաննես Մարգարյանը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից)։ Այսինքն, այս մարդիկ հնարավորություն ունեցել են մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում բնակարաններ գնել, Գյումրիի մոտակա գյուղերում հողամաս, ավտոմեքենաներ և այլն։
Քաղաքապետի թեկնածուներից առնվազն երեքը գործարարներ են, խոսքը վերաբերում է «Գործարար» նորաստեղծ կուսակցության ցուցակը գլխավորող Գեղամ Բաղդասարյանին, որը, ըստ հայտարարագրի, ամենաաղքատ գործարարն է, ոչինչ չունի՝ ոչ անշարժ, ոչ շարժական գույք, մյուսը մեծահարուստ Սամվել Բալասանյանն է, երրորդը՝ «ԳԱԼԱ» կուսակցության ցուցակը գլխավորող, ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանն է։
Վերջինիս հայտարարագրում ընթերցում ենք, որ նա «ՉԱՊ ՔԵՄԻՔԸԼ» ՍՊԸ, «ԳԱԼԱ» Հ/Ը հիմնադիր, սեփականատեր է, ունի սեփական սպասարկման սրահ Երևանում, հողամաս՝ դարձյալ մայրաքաղաքում, սակայն ընդհանուր բաժնային կարգով, երկու բնակարան Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում, և սեփական արտադրամաս ու վարձակալությամբ վերցրած հողամաս Գյումրու Ղարիբջանյան խճուղում։ Այսինքն` քաղաքապետի թեկնածուն հայտարարագրել է իր ողջ ունեցվածքը, ԳԱԼԱ հեռուստաընկերության թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում գտնվող գրասենյակները ու իր օճառի արտադրամասը։ Նա շարժական գույք չունի, իսկ դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է 13․245․000 դրամ, «ՉԱՊ ՔԵՄԻՔԸԼ» ընկերությունում նրա ներդրման չափը 100 տոկոս է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ