Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՀՀԿ-ն բերեց Կարեն Կարապետյանին

Սեպտեմբեր 14,2016 22:45

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ թե ձախողեց, այլ կարողացավ որոշակի շտկումներ մտցնել, առավել եւս նա վարչապետ դարձավ, երբ երկրի միկրոկլիման շատ ծանր էր եւ դժգույն: Որոշակի աշխատանք կատարվեց ու հնարավորություն ստեղծվեց, որ մենք կարողանանք պաշտպանել մեր բյուջեն»,- խորհրդարանի բակում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ գնահատելով արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա կառավարության գործունեությունը:

Գալուստ Սահակյանը չի կիսում նաեւ նորանշանակ վարչապետի այն կարծիքը, որ երկրի տնտեսությունը շատ ծանր վիճակում է: Համենայնդեպս, լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս է Կարեն Կարապետյանը երկիրը դուրս բերելու ծանր վիճակից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այդպես մի մտածեք, որ էդքան ծանր է… Ինքը լավ մասնագետ է: Վարչապետի հիմնական գործը տնտեսությունն առաջ տանելն է: Կարծում եմ, որ որոշակի հետեւելու, կատարելու, կատարողներին վերլուծելու առանձին օղակներ կստեղծվեն, որը ժամանակին կզգա իրողությունները ու իշխանությունները կկարողանան…»:

Կարեն Կարապետյանն, ի դեպ, Գալուստ Սահակյանի համար «նոր դեմք» չի. «1990-ականներից էներգետիկ համակարգում աշխատում էր, դեռ էն ժամանակներից իրեն ճանաչում եմ»:

Հարցին, փաստորեն վիճակն այնքան ծանր է ու ՀՀԿ-ն էլ կադրեր չունի՞ որ կուսակցությունից դուրս կադրեր են բերվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն շատ կադրեր ունի, բայց. «Կուսակցության համար կարեւորը նա է, որ կարողանա ազգի միջից կադրեր որոնել: ՀՀԿ-ն այնպիսի գործիք չէ, որ մարդը ծնվի ու դառնա այդ կուսակցության անդամ: Մի մտածեք, թե ՀՀԿ-ն կադր չուներ: Մտածվում էր, որ ինքը լինի, որովհետև նա լավ տիրապետում է բիզնեսին, ընդհանրապես, երկրի տնտեսությանը»:

Գալուստ Սահակյանն ասում է, որ մեր երկրի ծանր վիճակը 1990-ականներին սկսել է ու այդպես էլ գնում է. «2000-ականների կեսին երկիրը ժողովրդի կեսին պարտք էր, մի կերպ դուրս եկանք այդ վիճակից: Եթե այսօրվա վիճակը համեմատում ենք 1996, 2000 թվակաների հետ, այսօրվա վիճակը շատ լավն է: Խնդիրն այն է, որ այն ինչ ցանկանում է ժողովուրդը եւ մենք, օր առաջ ցանկանում ենք ունենալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930