Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք հիշենք՝ որտեղից եկավ Կոստանյանը». Վարուժան Հոկտանյան

Սեպտեմբեր 14,2016 22:15

«Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանի համոզմամբ, գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը կոռուպցիայի դեմ կպայքարի ուժերի ներածի չափով:

«Տարբեր մանր ձկների կբռնի, իհարկե, եթե վերեւից լրջագույն փոփոխություններ լինեն. իրենք էլ կսկսեն ավելի լուրջ աշխատել, խոշոր ձկների հետեւից կընկնեն, գլխից կսկսեն բռնել խոշորներին, բայց սպասելիք չունեմ, որ նույն դատախազությունը կանի մի բան, որը դուրս կլինի համակարգի տրամաբանությունից: Իսկ համակարգը անում է ամեն ինչ, որ կոռուպցիան մեր կյանքում հնարավորինս մեծ դեր խաղա, միշտ մեր մաշկի վրա զգանք»,- Aravot.am-ին ասաց պարոն Հոկտանյանը:

Ըստ նրա, Գեւորգ Կոստանյանը շատ ավելի խորքային էր տիրապետում կոռուպցիոն իրավիճակին. «Եկեք հիշենք՝ որտեղից եկավ Կոստանյանը:

Նա մինչեւ այդ հակակոռուպցիոն մոնիտորինգային հանձնաժողովի նախագահն էր, ի տարբերություն ներկայիս թեկնածուի, նա շատ ավելի խորն էր տիրապետում  իրավիճակին: Բայց մի պետական մարմնով գարուն չի գալիս, նույնիսկ եթե այդ պետական մարմինը որոշի լուրջ պայքարել, ի վերջո, դա համակարգ է, եւ համակարգը պետք է փոխվի: Ինչքան էլ խոստումներ տան, շատ քիչ արդյունքներ կարող են լինել, լինի ներկայիս Դավթյանի, թե Կոստանյանի, թե Աղվան Հովսեփյանի դեպքում:

Սպասել, որ կլինեն ինչ-որ հերոսներ, վառ անհատներ, որոնք, ընդհանուր իրավիճակից ելնելով, ինչ-որ քայլերի կգնան, սա հայաստանյան իրականության հետ չի բռնում»:

Պարոն Հոկտանյանի խոսքով, վերջին տարիների հակակոռուպցիոն պայքարը արդյունք չի տվել. «Միջազգային տարբեր կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավիճակի որակական բարելավում չկա, լճացում է»:

Իսկ այն, որ դատախազությունն ունի բավարար լիազորություն կոռուպցիայի դեմ պայքարը ուրիշ հարթություն տեղափոխելու համար, ինչպես պնդել էր, գլխավոր դատախազի թեկնածուն, պարոն Հոկտանյանը չհերքեց, բայց. «Լիազորություն որ ունի, դրանից ինչ է փոխվում, էնքան լիազորություն կարող է ունենալ: Խնդիրն այն է, թե այդ լիազորությունները կօգտագործվե՞ն, թե՞՝ ոչ: Արթուր Դավթյանը նորություն չասաց, որ լիազորություններ ունեն, թե չէ ով ասաց՝ լիազորություն չունեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930