Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են որոշ հանրապետականներ նեղացել Սամվել Բալասանյանից․ թեկնածուի պարզաբանումը

Սեպտեմբեր 14,2016 21:30

«Հանրապետական» ու «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունների համախմբման արդյունքում ստեղծված «Բալասանյան» դաշինքը Գյումրու ՏԻՄ ընտրություններում ներկայացրել է ամենաշատ թվով թեկնածուների ցուցակը։ Փաստաթղթերը թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու պահին այս դաշինքի համամասնական ցուցակը բաղկացած էր 99 անձից, այժմ 97 են․ երկուսը ինքնաբացարկ են հայտնել։

Թե ովքե՞ր են այս ցուցակի կազմում ընդգրկվածները, ընդհանրացնելով ասենք՝ դպրոցի մանկավարժներ (զգալի է, որ այստեղ դերակատարություն է ունեցել Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Սահակ Մինասյանը), Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի աշխատակիցները, կան նաև նրա բարեկամներից, օրինակ՝ քրոջ դուստրը, քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող  կառույցների աշխատակիցներ։ Իհարկե, առանձնահատուկ տեղ են հատկացրել դեռևս գործող ավագանու անդամներից մի քանիսին։ Ցուցակում մեկ-երկու հոգի էլ բանկից, ՀԷՑ-ից ու Գազպրոմից։ Ընդամենը մի տեղ էլ հատկացվել է գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակցին․ խոսքը Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի ղեկավար, անկուսակցական Յուրա Ալեքսանյանի մասին է։

Նշենք, որ Խոսրով Հարությունյանի կուսակիցները, բացառությամբ մեկ-երկու հոգու, մեծամասամբ զբաղեցնում են ցուցակի վերջին տեղերը։

Ինչևէ, մեր տեղեկություններով, այս ցուցակից բավական դժգոհ են մնացել որոշ Հանրապետականներ, նրանք նեղվել են Սամվել Բալասանյանից ցուցակի վերջին՝ ոչ անցողիկ տեղերում հայտնվելու կամ ընդհանրապես ցուցակ չմտնելու պատճառով։

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են կազմել ցուցակը, որ մարդիկ նեղացել են իրենից։ «Ցուցակ կազմելը բարդ է եղել, օրինակ՝ ես Ազգային ժողովի ցուցակ եմ կազմել՝ լինելով կուսակցական, ավելի հեշտ է եղել, քան ավագանու ցուցակը, բայց այստեղ ես մի սկզբունք եմ դրել։ Սկզբունքը հետևյալն է եղել, որ իմ ցուցակի մեջ պետք է ընդգրկված լինեն գործող ավագանիները, որոնք ձայն ունեն քաղաքում, որովհետև ես չէի մտածում, որ կարող է պատահի լինի նման «Ընտրական օրենսգիրք»՝ նոր, այլ դրույթներով և այլ բովանդակությամբ։ Հիմա ես աշխատել եմ ավագանու անդամների հետ, բոլորի հետ, ով ինչ հարցով դիմել է, ես փորձել եմ օգնել, որովհետև ամեն մարդ ինչ-որ թաղի պատասխանատու է եղել, ու տաբեր թաղերից են եղել։ Եվ, երբ որ դու ուսումնասիրում ես ռեյտինգային նախկին ցուցակը, այնտեղ 70 հոգուց 21-ն է անցել, և այսօրվա  դրությամբ ավագանու անդամներ են։

Այսինքն` նրանց հետ ես հաշվի եմ նստել, որովհետև այս մարդիկ ունեն ընտրողներ ու ընտրողին չի կարելի արհամարհել։ Դրա համար ես իրենց հետ աշխատեցի, և բոլոր ռեսուրսները, որը կարող էինք դնել այդ թաղամասերում և համապատասխան տեղերում, որտեղ իրենք աշխատում են, միասին դրեցինք, աշխատեցինք։ Իմ սկզբունքը եղավ այն, որ իմ ցուցակը, եթե ես եմ գլխավորելու, ես անկուսակցական եմ, ուրեմն պետք է լինեն այդ ավագանու անդամները։ Այնտեղ կանանց խնդիր կար, երեք կին ավելացան․ գիտեք, որ մեր ավագանու կազմում ընդամենը մեկ կին կար։

Հիմա մենք այնպես արեցինք, որ օրինակ՝ ցուցակի երկրորդ համարը՝ Արտակը Ադամյան անկուսակցական է, նա ինչո՞ւ է երկրորդ համարը, որովհետև նա իրականում շատ գործ է կատարել քաղաքի թաղամասերում, որտեղ պատասխանատու է եղել, ու բացի դրանից նախորդ ընտրություններում հավաքել է 2500-ից ավել ձայներ։ Այսինքն, սա սկզբունքն է, և որևէ մեկը չնեղացավ, որ ես այսպես ցուցակը կազմեցի։ Իհարկե, քանի որ քաղաքական է, նաև ինչ-որ տեղ ասենք քաղաքական պրոցեսների հետ կապված Հանրապետականը շատ թեկնածուներ ուներ, հնարավոր չէր բոլորին տեղավորել, բնականաբար կար նաև այդպիսի նեղացվածություն, բայց ես գտնում եմ, որ իմ սկզբունքը, որ դրել եմ, եղել է արդար, ճիշտ, ազնիվ։ Այսինքն` շատ ձայն հավաքող և գործող ավագանու անդամներ․․․»,-պարզաբանեց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930