Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկաններին ասել են Ղումաշյան Վահագնի վրա գրեք, շառ արեք, տենց էլ արել են»

Սեպտեմբեր 14,2016 21:20

Այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեց Հիմնադիր խորհրդարանի համակիր, օպերատոր Վահագն Ղումաշյանը:

Նա կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Սարի թաղ թաղամասում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Սակայն Վահագն Ղումաշյանը պնդում է, որ անգամ Սարի թաղում չի եղել: Aravot.am-ի հետ զրույցում  Վահագն Ղումաշյանն իր կալանավորումն ու իր դեմ մեղադրանքը համարեց շինծու ու մանրամասնեց. «Փորձում էին անգամ Հիմնադիր խորհրդարանի սովորական համակիրներին մեկուսացնելով` մարդկանց վախեցնել, սպառնալ: Անկեղծ ասած` ամեն վայրկյան սպասում էի, որ ինձ հետ նման բան կպատահի»:

Վահագն Ղումաշյանը պատմեց, որ երկու ոստիկան ցուցմունք են գրել, թե իբր մի անձի բերան ենթարկելուց իրենք տեսել են, որ իբր Վահագն Ղումաշյանն առարկաներ է նետում ոստիկանների ուղղությամբ:

Նա 43  օր գտնվել է անազատության մեջ, բանտային պայմաններից դժգոհ է, բայց գոհ է խցում եղած կալանավորների և ՔԿՀ-ի անձնակազմի վերաբերմունքից. «Անկախ նրանից` ինչի համար են ազատազրկված, նրանք էլ մարդիկ են: Երբ մտել եմ բանտախուց, այդ ողջ օրը ոչինչ չէի կերել, իմ առաջ ճաշ են դրել, որ ուտեմ,  իսկ երբ մենակ չէի ուզում ուտել, կողքս նստեց ազատազրկվածներից մեկը, որ չնեղվեմ»:

Վահագն Ղումաշյանը պնդեց, որ շարունակելու է լինել ՀԽ համակիր. «Այն ժամանակ կամավոր հիմունքներով ՀԽ-ին օգնում էի: Անկախ նրանից` կշարունակեմ դա անել, մնալու եմ նրանց համակիր և աջակից»:

Նա չի բացառում նաև, որ իրեն կալանավորելը կարող էր թյուրիմացության արդյունք լինել. Երկու ոստիկանները նմանեցրել են իրեն ինչ-որ մեկին: Սակայն դա քիչ հավանական է համարում. «Կարծում եմ` այդ ոստիկաններին ասել են Ղումաշյան Վահագնի վրա գրեք, շառ արեք, տենց էլ արել են: Իսկ եթե այդ երկուսը տեսել են ինձ, գուցե տեսողական շիզոֆրենիա ունեն: Եթե քննությունը շարունակվի, միջնորդելու եմ` նրանց շիզոֆրենիան ստուգեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930