Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) արդեն նախկին ավագ տեսուչ, ավագ լեյտենանտ Հովհաննես Վարդանյանն իր դիմումի համաձայն այս տարի ազատվել է աշխատանքից:
Նա ոստիկանական համակարգում աշխատում էր 2005 թվականից: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ աշխատանքից ազատման դիմումը ստիպված է գրել:
Ամեն ինչ սկսվել է անցած տարի, երբ ՊՆ պայմանագրային զինծառայող Գրիգոր Գրիգորյանը ոտնձգություն է կատարել իր կնոջ նկատմամբ: Վարդանյանի պատմելով, իր կինն ու նշված զինծառայողը միասին աշխատելիս են եղել բուքմեյքերական կետերից մեկում.«Այդ տղան, լինելով ՊՆ պայմանագրային զինծառայող, համատեղ աշխատել է բուքմեյքերական կետի մեկ այլ մասնաճյուղում, գործընկերներ են եղել: Խոսքը գնում է ոչ միայն ոտնձգության, այլեւ շանտաժի ձեւով խոշոր գումարների հափշտակության»:
Վարդանյանի կնոջ նկատմամբ ոտնձգության փաստով հարուցվել է քրեական գործ, ըստ Վարդանյանի, առեւերույթ հանցագործություն կատարած անձը ՊՆ պաշտոնաթող գնդապետի որդի էր, այդ պատճառով, դատախազն ու զինվորական քննիչ Ռուբեն Գրիգորյանը ամեն ինչ արեցին, որ գործը կարճեն ու մեղավոր անձը պատասխանատվության չենթարկվի:
Կարդացեք նաև
«Ամեն ձեւ պաշտպանելով իմ ընտանիքի իրավունքները՝ բողոք դիմումներ եմ գրել համապատասխան մարմիններին, որ քննիչը այսպես է վարվում, դատախազն այսպես է վարվում… հետո մի օր քննիչն ինձ զանգահարեց ու առանց պատշաճ ծանուցում ուղարկելու, որն օրենքն է պահանջում, ինձ հրավիրեց առերեսման՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի հետ: Քննիչին ասացի՝ քանի որ ինձ պատշաճ չի ծանուցել, ապա հրաժարվում եմ ներկայանալ: Նա ինձ վիրավորեց ու ասաց, որ գրություն կուղարկի իմ ղեկավարներին:
Հաջորդ օրը, երբ ծառայության էի, իմ անմիջական ղեկավար Խոսրով Ստեփանյանը՝ ՕԿԿ պետը, տեղեկացրեց, որ քննիչը գրություն է ուղարկել մեր շտաբի պետ Իսկանդարյանի անվամբ՝ պահանջելով ապահովել իմ ներկայությունը քննչական գործողությունների համար: Զեկուցագիր գրեցի մեր վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանի անունով, ներկայացրեցի ձայնագրությունը, թե ինչպես է քննիչն ինձ վիրավորում՝ ասելով որ նրա պահանջն անօրինական է, ինձ պատշաճ չի ծանուցել, դրա համար չեմ ներկայանում»,- պատմեց Հովհաննես Վարդանյանը:
Ինչից հետո շտաբի պետ Իսկանդարյանը, ըստ մեր զրուցակցի, պնդել է, որ ինքն անպայման ներկայանա եւ տեսնելով, որ ինքը համառորեն հրաժարվում է՝ պահանջել է, որ աշխատանքից հեռանալու դիմում գրի. «Սկզբում հրաժարվեցի գրելուց՝ ասելով՝ եթե վատ ծառայող եմ ու չեմ համապատասխանում պաշտոնին, ներկայացրեք ոստիկանապետին համապատասխան զեկուցագիր, հեռացրեք պաշտոնից, ես հրաժարվում եմ գրելուց, որովհետեւ պատճառ չկա: Բայց ճնշումները գնալով մեծանում են, շտաբի պետն ամեն ինչ անում էր, որ գլխիս սարքեր, նույնիսկ լարվածություն էր ստեղծել հերթափոխի հետ, իմ խնդրի պատճառով ճնշում էր նաեւ հերթափոխիս մյուս անդամներին»:
Հովհաննես Վարդանյանի խոսքով, ինքը չդիմանալով ղեկավարության ճնշումներին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունով աշխատանքից ազատման դիմում է գրել՝ միաժամանակ դիմումի մեջ նշելով, թե ինչու է ուզում ազատվել աշխատանքից, որովհետեւ իր նկատմամբ ճնշումներ կան: Ըստ նրա, իր առաջին դիմումը շտաբի պետ Իսկանդարյանը պատռել է, ավելի ուշ պահանջել նոր դիմում գրել: Հիմա ոստիկանության աշխատակիցը պահանջում է վերականգնել աշխատանքը, ծառայողական քննություն անցկացնել իր դիմումում նշված պատճառների իսկությունը պարզելու համար:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Aravot.am-ին այս դեպքի վերաբերյալ փոխանցեց հետեւյալը. «Վարդանյանի նամակը ոստիկանապետին հասցեագրված է 07.07. 2016 թվական: Այս կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են փաստական տվյալների ստուգում, արդյունքում դիմումում նշված հանգամանքները չեն հաստատվել, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների կողմից կարգապահական բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել, ուստի ծառայողական քննություն սկսելու հիմքեր չկան: Ստուգման նյութերը թողնվել են անհետեւանք»:
Մեր հարցին՝ ոստիկանապետին հայտնի՞ են պատճառները, թե ինչու է նշված անձը աշխատանքից ազատվել, պարոն Ահարոնյանն ասաց. «Բավական ժամանակատար ու լայնածավալ աշխատանք է կատարվել: Ինքն իր նամակում նաեւ այլ գերատեսչության հետ կապված խնդիրներ է նշել, բոլոր հանգամանքները ստուգվել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի պարոն Ահարոնյան թույլ տվեք հիշեցնեմ, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը պատշաճ ստուգում չի կատարել, քանի որ ես արդեն իսկ ներկայացրել էի անհերքելի փաստ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը վկայում էր արդեն իսկ իմ նկատմամբ կատարվածի մասին, ինչ ստուգման մասին է խոսքը ՞, իմ աշխատանքային փորձը ինձ բավականացնում է, որ լավ հասկանամ թե այդ ստուգումները ոնց են կատարվում և ում շահերից են դրանք բխում։ Պարոն ահարոնյան ես ներկայացրել էի այնպիսի հեռախոսազրույցներ, որոնք ոչ թե վկայում էին ինձ ոստիկանության համակարգից ազատվել ստիպելու հանգամանքը, այլ ավելին վկայում էին քր․ օր-ի հատկանիշներ պարունակող հանգամանքներ,որոնք ըստ ինձ բավարար էին, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի պետ Իսկանդարյանի նկատմամբ հարուցվեր քր․ գործ և նշված գործով, որպես վկա ներգրավեին ինձ հեռախոսազրույցների ժամանակ Իսկանդարյանի ցուցումները փոխանցած, նույն վարչության ՕԿԿ պետ Խ․Ստեփանյանին։ Որպես մեկնաբանության վերջաբան և ի գիտություն ուզում եմ հիշեցնել, որ իրավական կամայական ձևով, առանց պատճառի աշխատակցին՝ աշխատանքից ազատվել ստիպելը ․, ինչպես նաև զեկուցագիր պատռելը քր․ օրեն պատժելի արարքներ են։