Սեպտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Հայկ Լեփեջյանին և Ավստրալիայի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինյանին:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը դրվատանքով արտահայտվեց ավստրալահայ համայնքի կողմից հայապահպանությանն ի նպաստ իրականացվող աշխատանքների մասին՝ այդ ազգանվեր գործում կարևորելով նաև հյուրերի վաստակն ու ներդրումը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար՝ հյուրերը նախարարի պաշտոնակատարին տեղեկացրեցին ավստրալահայ համայնքում վերջին շրջանում իրականացված ակնառու նախաձեռնությունների մասին:
Այնուհետև, քննարկվեցին սփյուռքահայ համայնքներում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման հետ կապված հարցեր: Հրանուշ Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց նախարարության կողմից Սփյուռքի տարբեր համայնքներում անկախության շրջանի ձեռքբերումներն արտացոլող լուսանկարչական ցուցահանդեսների և համերգների իրականացման ծրագրերին, լսեց հյուրերի առաջարկները և պատրաստակամություն հայտնեց դրանք ներառել նախատեսվող միջոցառումների մեջ:
Կարդացեք նաև
Քննարկվեցին նաև նախարարության աջակցությամբ ավստրալահայ համայնքում նախատեսված մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարություն