«Աննախադեպ համաձայնագիր է իր բնույթով, և շատ կարևոր է այն հանգամանքը, որ հստակ երևում է իշխանության քաղաքական կամքը, ոչ միայն հակվածությունը, այլ հստակ որոշումը, և դրա համար անհրաժեշտ բոլոր քայլերի պատրաստակամությունը, – այսպես է բնորոշել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը 5 քաղաքական ուժերի կողմից երեկ ստորագրված համաձայնագիրը:
«Հենարան,,-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն քննադատություններին, որ Հանրապետական կուսակցությունը հենց ինքն էր ի սկզբանե դեմ արտահայտվում ստորագրված ցուցակների հրապարակմանը, մինչդեռ այժմ գնում է նման համաձայնության, պատասխանել է հետևյալ կերպ.
«Ոչ թե Հանրապետականը դեմ է եղել , այլ եղել և մնում է միջազգային եվրոպական նորմերին հավատարիմ: Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը այս տարիների ընթացքում մշտապես եղել է այն, որ ցուցակների հրապարակումը ոչ ժողովրդավարական նորմ է և այս դիրքորոշումը չի փոխվել: Բայց այս քաղաքական որոշումը, քաղաքական մեծամասնությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կայացրել է, որովհետև այս քայլի , այսպես ասած, քաղաքական գինը, շատ ավելի բարձր ենք համարել:
Իրականում, այսօր մեր բոլոր քայլերը՝ սկսած Սահմանադրության և ընտրական օրենսգրքի բարեփոխումներից, ունեցել են մեկ տրամաբանություն և մեկ առանցք՝ առավել ժողովրդավար երկիր ունենալը , և հանրության մեջ վստահության մակարդակի բարձրացումը: Այս կարևոր նպատակին հասնելու համար, քննարկելով իրավիճակը, ի վերջո, հանգել ենք նրան՝ ընդունենք այդ դրույթը , որպեսզի հնարավոր մեղադրանքները, միմյանց նկատմամբ անվստահության բոլոր տարրերը դուրս մղվեն, և մենք իսկապես կարողանանք մուտք գործել նոր փուլ , նոր ժամանակահատված՝ հաղթահարած բոլոր խութերն ու անհամաձայնությունները»: