«Դուք ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարեցիք, որ ունեք 2 ծրագիր: Մինիմում ծրագիրն է վերականգնելու երկրի տնտեսությունը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որ այդ խնդիրները լուծեք»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսպիսի հարց ուղղեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Նա հարցրեց նաեւ՝ «Կառավարության ձեւավորման հարցում որոնք են լինելու ձեր կադրային մոտեցումները: Նախագահն ասաց, որ միայն կուսակցականները չեն ներգրավելու, նախագահի այս մոտեցումը հաշվի առնելով ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու նոր եւ բանիմաց կադրեր ներառելու: Կա՞ կադրերի պակաս, որ նպատակ է դրվում սփյուռքի կադրերին ներգրավել կառավարության կազմում»:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ երկու փուլային ծրագիր է լինելու, առաջին փուլում հրատապ փոփոխություններ չեն անելու. «Երկրորդ փուլի համար մեզ պետք է ժամանակ, որպեսզի որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը: Սպասելիքներ, որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, ուզում եմ հայտարարել բոլորին՝ նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալու, թե մեր տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»:
Նա ասաց, որ նախկին կառավարության ծրագրերն օգտագործվելու են. «Մենք կստեղծենք առավելագույն բարենպաստ պայմաններ՝ հավելյալ արժեք ստեղծողին: Բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ ստեղծագործող մարդը, հավելյալ արժեքներ ստեղծող մարդն իրեն երջանիկ է զգում: Նավթ, գազ ունեցող երկրները դրա մեջ չեն»:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանն ասաց, որ կառավարութան կազմը ընտրելու են առավելագույնս պրոֆեսիոնալ, եւ կուսակցական պատկանելությունը դեր չի խաղալու. «Լավ կադրերի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում եւ իհարկե, Երեւանում»:
Լյուդմիլա Սարգսյանը եզրակացրեց խոսքից, որ փաստորեն տնտեսության արագ վերականգնման հետ կապված որեւէ հույս չունենանք: Նա հորդորեց գոնե ինչ-որ հուսադրող բան ասել, թե ինչ է անելու, որ մարդիկ զգան նոր կառավարություն է եկել: Կարեն Կարապետյանը հիշեցրեց՝ 1.5 օր է, ինչ վարչապետ եմ ծանոթանում եմ մակրոտնտեսական ցուցանիշներին. «Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու եւ սոցիալական լարվածության մեղմելու եւ բիզնեսի զարգացման: Բայց պետք է հասկանանք որ կախարդական փայտիկ չկա: Բաց, ազնիվ ասում եմ, ռեալ մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է: Համակարգային փոփոխություններ են պետք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ