ԱԺ-ում քննարկվում էր գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ծրագիրը:
Խմբակցության տեսակետը ներկայացնելիս՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Գագիկ Ջհանգիրյանին, որ հիշեցրեց, թե ինչ հարց են իրականում քննարկում:
Նա խոսեց նաեւ որոշ պատգամավորների ելույթների մասին. «Ստվերի դեմ պայքարի ջատագով եւ իրեն ստվերային վարչապետ հռչակած իմ գործընկերներից մեկը քանի տարի շարունակ նույն ստահոդ հայտարարություններն է հրապարակում այս ամբիոններից: Մեր մյուս գործընկերներից մեկը տեքստ է ասում՝ մոռանալով որ երկու տարի առաջ նույն տեքստը մեկ այլ թեկնածուի հետ կապված էր կարդացել: Մեկ ուրիշը չգիտես ում է ուզում տրվել եւ կոչ է անում, որ գան Ազգային ժողովը գրավեն, որ իրենք տրվեն: Մենք ցանկություն չունենք գերի ընկնելու, ոչ էլ տրվելու, ով ցանկանում է, կարող է ինքնակամ տրվել, բայց ոչ ԱԺ-ն գրավելու արդյունքում: Ես հասկանում եմ, նախընտրական կրքեր են: Հարգելի ընդդիմադիր որոշ գործընկերներ, չստացվեց, «2» եք ստանում, ընդդիմադիր դաշտը դատարկ է, այս ակցիան էլ չստացվեց»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը եւ Բաղրամյան 26-ը գրավելու կոչ երեկ արել էր Զարուհի Փոստանջյանը:
Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ Վահրամ Բաղդասարյանն այսպես է արձագանքում Զարուհի Փոստանջյանին: ՌԴ-ի հետ ստորագրված հակաօդային պաշտպանության մասին համաձայնագրի քննարկման ժամանակ էլ նա Փոստանջյանին ասել էր՝ «Ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի՛ բեր ԱԺ»:
Իր ամփոփիչ ելույթում Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, որոնք մասնագիտական մոտեցումներով բարձրացրեցին դատախազության համակարգին առնչվող խնդիրներ եւ առաջարկություններ ներկայացրեցին: Նա խոստացավ, որ պատրաստ է օրենքի շրջանակներում միայն որոշումներ կայացնել եւ պատասխան տալ այդ որոշումների համար, քանի որ շատ լավ պատկերացնում է գլխավոր դատախազի բարձր պատասխանատվությունը: Նա խոստացավ կատարելագործել առկա խնդիրների լուծումները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ