Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն Հովիկ Աբրահամյանին չի ճանապարհում

Սեպտեմբեր 14,2016 17:11

Ինչո՞ւ են ՀՀԿ-ականներն այդքան վատ ճանապարհում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին`չփորձելով գոնե որեւէ դրական տեսակետ արտահայտել նրա պաշտոնավարման շրջանի մասին`Aravot.am-ի հարցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ չի կիսում դիտարկումը, թե ՀՀԿ-ականները վատ են ճանապարհում Հովիկ Աբրահամյանին կամ առհասարակ ճանապարհում են. «Հովիկ Աբրահամյանը մնում է ակտիվ քաղաքականության մեջ: Պարոն Աբրահամյանը մեր կուսակցության նախագահի տեղակալն է եւ ինչպես հանրապետության նախագահն ասաց`շատ լուրջ դերակատարում կունենա պառլամենտական ընտրությունների ժամանակ: Իմ սուբյեկտիվ կարծիքով, պարոն Աբրահամյանը անելիք ունի եւ կուսակցությունում, եւ քաղաքականության մեջ»:

«Հովիկ Աբրահամյանը կառավարությունը իր հոր տնից չի բերել , դա «Հանրապետական» կուսակցության կառավարությունն է եղել»,-երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր Էդուարդ Շարմազանովը, ինչը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց:

Նա պնդում է, որ ինքն այդ հարցազրույցում շատ դրական է խոսել Հովիկ Աբրահամյանի ու իր կառավարության մասին, ինչը «բացահայտ բացասական» է ներկայացվել: Վիճելի արտահայտությունն էլ արել է հետեւյալ համատեքստում. «Հովի Աբրահամյանի կառավարությունը բազում դրական քայլեր է կատարել եւ Աբրահամյանի կառավարութան քաղաքական պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն: Եթե եղել են առավելություններ, դա եղել է նաեւ ՀՀԿ-ին, եթե եղել են թերացումներ, դրանք պետք չէ գցել միայն Հովիկ Աբրահամյանի կառավարության վրա: Դա մեկ օրգանիզմ է: ՀՀԿ-ն էլ ամբողջական պատասխանատուն է»:

Թե Տիգրան Սարգսյանի, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունների գործունեությունը մեր զրուցակիցը դրական է գնահատում`մեջբերելով լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը. «Աշխատանքից հետո հիշելու են չարածը: Շատ քչերն են հիշում արածը»:

Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 2,5 տարիների ընթացքում կարողացել է մեղմել առկա բացասական ռիսկերը ու սա գնահատանքի արժանի է:

Իբրեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նաեւ փաստում է`Հովիկ Աբրահամյանի վարչապետության շրջանում ԱԺ-կառավարություն կապն աննախադեպ բարձր մակարդակի վրա է եղել, կառավարության հետ աշխատանքի համար որեւէ խոչընդոտ չի եղել. «Ավելին, կառավարության մեր գործընկերները`վարչապետի գլխավորությամբ մշտապես պատրաստ են եղել լսելու խորհրդարանից ստացվող ազդակները»:

Էդուարդ Շարմազանովը նկատում է`իր հրաժարականով Հովիկ Աբրահամյանը նաեւ նոր մշակույթ է ներդնում`պաշտոնից չկառչելու մշակույթ`հնարավորություն տալով նոր վարչապետին ու կառավարությանը նոր էջ բացել`ապագա բարեփոխումների համար. «Հրաժարականի պատճառներին, պարոն Աբրահամյանն իր ելույթում անդրադարձել է: Յուրաքանչյուրն ունի իր ժամանակաշրջանը: Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանն ավարտվեց: Այդ կառավարության առջեւ ծառացած էին այլ խնդիրներ, ես կարծում եմ, այդ կառավարությունը բավականին լավ աշխատեց`նվազագույնի հասցնելով առկա խնդիրները»:

Նա հաջողություն է մաղթում նաեւ Կարեն կարապետյանի կառավարությանը, որը նույնպես համարում է ՀՀԿ-ի կառավարությունը. «Ծրագիրը կլինի`բոլորին կհորդորեմ օժանդակել նոր կառավարությանը, քանի որ կառավարության հաջողությունը մեր բոլորիս հաջողությունն է լինելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930