Հարցին ի պատասխան, թե ատոմակայանի կանգ առնելն ի՞նչ ազդեցություն կունենա սակագնի վրա, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ասաց, որ չի կարող պատասխանել, քանի որ ՀԷՑ-ը սակագինը կարգավորող մարմինը չէ. «Հայաստանի էլեկտրական ցանցերն ունի իրեն տրված լիցենզիայի պայմաններ, որում նշված են այն մոտեցումները, որոնք որ պիտի համարվեն նորմատիվային յուրաքանչյուր տարվա սակագնային մարժային որոշման համար: Ընկերությունն առաջարկություն է ներկայացնում մարժայի վերաբերյալ, ոչ թե` սակագնի: Սակագինը մեր քննարկման թեման չի: Ես ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի էլեկտրացանցի պատճառով այլեւս, երբեք առաջարկով չի բարձրանալու սակագինը»:
Մանրամասները՝ դիտեք տեսանյութում
Ինչ վերաբերում է Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ միջանցքին, որը նախատեսված է առաջիկա ծրագրերով, ապա պարոն Հարությունյանն ասաց, որ այն Հայաստանի էներգահամակարգի համար բերելու է շատ դրական արդյունքների. «Մեր ընկերության համար ամենամեծ արդյունքը հուսալիության բարձրացումն է: Բոլոր մասնագետները գիտեն, համակարգը ինչքան մեծ եղավ, այնքան կլինի ապահով: Եվ այդ առումով, հուսալիությունը կբարձրանա անգամներ: Մենք ներգրավված կլինենք տարածաշրջանային շուկայում»:
Կարդացեք նաև
Ընկերության ղեկավարն ասաց, որ առաջիկա 50 տարիների ընթացքում կներդնեն 100 միլիարդ դրամ:
Այն հարցին էլ, թե ՀԷՑ-ը մտադի՞ր է գնել Լեռնային Ղարաբաղի էլեկտրական ցանցերը, ինչպես որ շրջանառվում է մամուլում, պարոն Հարությունյանն ասաց, որ նման մտադրություն չկա եւ որ այն ՀԷՑ-ի գործառույթը չէ:
Այսօրվանից «Տաշիր Սթրիթ» առեւտրի կենտրոնում կգործի հաճախորդների սպասարկման կենտրոն, որտեղ քաղաքացիները կարող են դիմել իրենց հուզող հարցերով: Կենտրոնը, որի հանդիսավոր բացումն այսօր էր, կգործի առավոտյան 10-ից 10-ը: ՀԷՑ-ը սպառողների համար նաեւ ուղեցույցեր է հրապարակել: Ընկերության գլխավոր տնօրենն ասաց, որ եթե սպառողի հարցին հնարավոր չլինի տեղում պատասխանել, ապա, ուսումնասիրելուց հետո պատասխանը կհայտնեն հաճախորդին հարմար տարբերակով` կամ գրասենյակ հրավիրելով, կամ զանգի միջոցով կամ` էլեկտրոնային տարբերակով, այսինքն` ինչպես որ կցանկանա քաղաքացին:
Ժամանակի ընթացքում սպասարկման այսպիսի կենտրոններ լինելու են բոլոր քաղաքներում: Առաջիկայում էլ մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում են բացվելու: Երկրորդ կենտրոնը արդեն կգործի «Տաշիր» առեւտրի կենտրոնում:
Ինչպես նշեց Կարեն Հարությունյանը, սպասարկման կենտրոններում հաճախորդները կծանոթանան Էլեկտրական ցանցին միանալու պայմաններին, կկնքեն պայմանագրեր, էլեկտրաէներգիայի հետ կապված անհամաձայնություններ եւ այլ բողոքներ կքննարկեն: ՀԷՑ-ին վերաբերող հարցերով իրավաբանական օգնություն կստանան, կունենան նաեւ վճարում կատարելու հնարավորություն` տերմինալների եւ բանկոմատների միջոցով:
Սպասարկման կենտրոնն առաջին բողոքը ստացավ:
Ընկերության առաջիկա ծրագրերի, ներդրումների եւ այլնի մասին առավել մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ