Գյումրիում սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ Aravot.am-ը զրուցել է ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը ներկայացնող, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Գյումրու ավագանու անդամ Արմեն Բադեյանի հետ:
– Պարոն Բադեյան, քարոզարշավն արդեն մեկնարկել է և բոլոր կուսակցություններն ակտիվորեն ներգրավվել են դրանում: Ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավի ընթացքը, շատերը խոսում էին քարոզարշավում սև փիառի առկայության մասին:
– Գյումրին փոքր քաղաք է, սև փիառով, իրար վարկաբեկելով արդյունքի հասնելու հնարավորությունը մեծ չէ, բոլորը բոլորին ճանաչում են, բոլորի արժանիքներն ու թերությունները երևում են գյումրեցիներին, այնպես որ դրանք զուր ջանքեր են: Մեր թիմը այդ ոճից կտրականապես հրաժարվել է: Մենք մեր մրցակիցներին հարգում ենք, վստահ ենք մեր ուժերին ու կարիք չունենք ուրիշներին վարկաբեկելով ձայներ ստանալ կամ ձայներ գողանալ:
Սև փիառի գայթակղությանը տրված մարդկանց էլ խորհուրդ կտամ հրաժարվել այդ մեթոդներից, որովհետև, ինչպես արդեն ասեցի, Գյումրին փոքր է, ու բոլորը բոլորի լավ ու վատ կողմերը գիտեն ու մի քանի տհաճ, սուտ լուրերով դժվար մարդիկ փոխեն իրենց կարծիքը:
– Գյումրիում սպորտային ավանդույթները ամուր են և այդ հանգամանքը ևս օգտագործվում է քարոզարշավի ընթացքում: Դուք որպես օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի նախագահ, ինչպես եք վերաբերվում դրան և արդյոք ինքներդ փորձելու եք սպորտը դարձնել քարոզչության մաս:
– Բնական է, որ Գյումրիի պես սպորտային քաղաքում քաղաքականությունից, քաղաքի կառավարումից սպորտը հեռու պահել չէր լինի: Հիմա մենք տեսնում ենք, որ որոշ ուժեր փորձում են ինչ-որ դրվագներ ու կադրեր օգտագործելով սպորտի հաշվին գովազդել իրենց: Դա անում են մարդիկ, ովքեր Գյումրիում սպորտի զարգացման մեջ պատմություն չունեն, հարմար պահին հայտնվել են հարմար տեղում, գեղեցիկ ֆոտոներ են արել ու տարածում են դրանք: Այդ մարդիկ տեղյակ չեն ոչ Գյումրիում սպորտի խնդիրներից, ոչ էլ ծրագրեր ունեն սպորտի զարգացման հետ կապված:
Ես կապված եմ Գյումրիում սպորտի ոլորտին շատ վաղուց, իմ կենսագրության մեջ կարող եք գտնել բազմաթիվ փաստեր այդ մասին: Հանդիսանում եմ ՀԱՕԿ Շիրակի ներկայացուցչության նախագահը և տեղական սպորտի զարգացմանը ներկա եմ եղել ոչ միայն այն պահերին, երբ ունեցել ենք մեդալներ, այլև այն պահերին, երբ եղել են դժվարություններ:
5 տարվա ընթացքում 7 Գինեսի ռեկորդակիր ենք հայտնաբերել, ովքեր հիմա ընդգրկվել են Գինեսի գրքում և հայկական «Դյուցազնագրքում»: Ոչ միայն օլիմպիական, այլև ոչ օլիմպիական մարզաձևերն են մեր ուշադրության կենտրոնում: Արևելյան մարզաձևերից այժմ ունենք 10 ֆեդերացիա, 20-ից ավելի մարզիչներ, 1000-ից ավելի մարզիկներ:
Միջազգային մրցումների ժամանակ պետպատվերից դուրս մնալու պատճառով մրցումների չգնացող ավելի քան հինգ տասնյակ մարզիկներին ֆինանսավորել ենք, որ գնան Եվրոպայի և աշխարհի խաղերին մասնակցելու: Եվրոպայի պատանեկան օլիմպիական խաղերից առաջ Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնությանը 4 մարզիչ մեր միջոցներով տարել ենք մրցումների, որոնցից բերել ենք 2 արծաթե մեդալ՝ Արման Մնոյան ու Վաղինակ Մաթևոսյան,վերջինս դարձավ այդ տարվա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
4 տարի անընդմեջ Գյումրիում անցկացրել ենք բռնցքամարտի միջազգային մրցաշար՝ Ռուսաստանի հայերի միությանը նվիրված, ի դեպ այդ մրցաշարի ֆեդերացիայի նախագահը եղել է Ս. Բալասանյանը, ով ոչ մի անգամ չի մասնակցել մրցումներին:
Տարիներ շարունակ քաղաքի տարբեր թաղամասերի բակերը համալրել ենք բակային մարզասարքերով, մարզական պարագաներով, հիմնադրել նորոգել ենք բակային ֆուտբոլի դաշտեր: Ի դեպ, այս սա եղել է մշտական, չնայած որոշ ուժեր սա շահարկում ու կապում են նախընտրական շրջանի հետ:
Այսքանը հաշվի առնելով, սպորտի մասին ես, ի տարբերություն շատերի, իրավունք ունեմ խոսելու, որովհետև այդ ոլորտի մարդ եմ ու կարող եմ խոսել ոչ միայն Գյումրիում սպորտի ոլորտում իմ արածների, այլ նոր անելիքների և ծրագրերի մասին:
– Ընտրություններից առաջ խոսվում էր, որ ԲՀԿ-ն ձեր թեկնածությունն է առաջադրելու: Հիմա ցուցակը գլխավորելու է Վարդևան Գրիգորյանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:
– Վարդևան Գրիգորյանին ես ընդունում եմ որպես ավագ ընկեր և ավագ գործընկեր: Շատ ուրախ եմ, որ նա որոշեց մտնել ընտրապայքարի մեջ ու գլխավորել մեր թիմը, նույնիսկ եթե ես չլինեի մեր թիմի երկրորդ համարը ու չմասնակցեի ընտրություններին, կաջակցեի նրան: Քաղաքականության մեջ նրա փորձը ավելի շատ է, քան՝ իմը: Բացի այդ պարոն Գրիգորյանը ղեկավարել է այնպիսի ոլորտներ, տարիներ շարունակ ղեկավարել է մանկավարժական համալսարանը և նրա հաղթանակի դեպքում, ես վստահ եմ, որ նույն հաջողությամբ կկարողանա ղեկավարել քաղաքապետարանը: Այնպես որ, այստեղ անձնական ամբիցիաների հարցեր չկան իմ համար: