«Մեր դատախազությունը դիտորդ է, քննչական գործողություններին մասնակցության իրավունք չունի: Բա էդ դատախազը եթե տուժողին չի ճանաչում, վկային չի ճանաչում, ո՞նց է դատարանում պաշտպանելու մեղադրանքը: Արթուր ջան, ինքը էդ մարդկանց չի տեսել, ինքը կոֆեի բաժա՞կ պիտի նայի՝ հաստատե՞մ, թե՞ չէ, գիր ու ղո՞ւշ պիտի գցի: Հսկայական սխալներ կարող են թույլ տրվել»,- գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ծրագրի ներկայացման ժամանակ ԱԺ-ում իր ելույթում ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Նրա խոսքերով՝ մենք ծայրահեղությունների մեջ ենք ընկել ու կոռուպցիայի դեմ պայքարը այլ ուղղությամբ ենք տարել. «Գլխավոր դատախազի տեղակալները տարեկան ընդունում են 5-7 մարդ՝ բողոքավոր քաղաքացի: Ես օրն եմ ընդունել 5-7 մարդ, ո՞նց կարող է տարին ընդունել: Ասում ենք՝ քաղաքացի մի ընդունի, որ հանկարծ կոռուպցիոն բանի մեջ չընկնե՞ս: Էս հիվանդություն է, ո՞նց կարելի է: Մարդը որտե՞ղ գնա բողոքի, հավաքվի Հանրապետության հրապարակ կամ Բաղրամյան 26: Բա պաշտոնատար անձ ընդունելություն չանի՞, որ մի պաշտոնյա զանգի ասի՝ այ շան տղա, ինչի՞ ես էս մարդու ազատ իրավունքը ոտնահարում: Բա ի՞նչ ենք ուզում այսպիսի գլխավոր դատախազից, որը նման լիազորություններով է օժտված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ