Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կառավարության փոփոխությունը պայմանավորում է Հայաստանում ու Արցախում ապրիլից սկսված ճգնաժամային իրավիճակի զարգացմամբ:
«Պատերազմ, հոգեբանական տեռոր՝ տարածքներ վերադարձնելու վերաբերյալ, ապա ընդվզում: Սա Հայաստանում ինչ-որ մարդկանց ինչ-որ բան հուշեց ու Կրեմլում էլ շատ բաներ հասկացան, հավանաբար նաեւ ամերիկացիները ինչ-որ բան հասկացան:
Կրեմլում էլ հասկացան, որ իրենց դարավոր միամիտ բարեկամ Հայաստանում երիտասարդ սերունդն անկախանում է, իսկ դա նշանակում է նաեւ հեռացում ՌԴ-ից»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետը:
Նրա համոզմամբ, Հայաստանի երիտասարդ սերնդի կարծր դիրքորոշումը պարտավորեցրեց ՌԴ-ին Հայաստանի հետ հարաբերությունները բալանսավորել, վերանայել, հենց այդ ժամանակ էլ նոր վարչապետի նշանակումը եղավ. «Կա մեկը, որ այդ վիճակը կփոխի, հեղինակություն ունի: Կանցլերի պաշտոն է հիմնվում գերմանական մոդելով»:
Պարոն Շիրինյանի խոսքով, եթե Կարեն Կարապետյանը հիմնական փոփոխություններ չանի ու պաշտոնյաների մի հատված չուղարկի վաստակած հանգստի, ոչինչ չի ստացվի. «Նրա կենսագրությունն ասում է՝ բավականին կրթություն ունի ու բավականին պարտավորություններ է զգում, հակված չեմ, որ իրեն լիազորություններ չեն տալիս փոփոխություններ անելու»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը նաեւ ասաց, որ չի կարծում, թե Կարեն Կարապետյանը թույլ կտա, որ երբ ուզեն՝ իրեն կասեն, գնա. «Կարեւորը՝ շարքային վարչապետ չլինի, Վազգեն Մանուկյանից սկսենք, Լեւոն Տեր-Պետրոսյանին երբ պետք էր կողքի դրեց ու ընդմիշտ դրեց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ