«Ինչո՞ւ հրաժարականի դիմում գրեց Գեւորգ Կոստանյանը: Ծիծաղելի պատճառաբանությունները եւս արհամարհանք են խորհրդարանի նկատմամբ». նախկին գլխավոր դատախազի հրաժարականի հարցը շարունակում է հետաքրքրել պատգամավորներին, այդ թվում՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:
Նա հարցրեց՝ «Էդ ի՞նչ առողջական խնդիր ուներ, որ Հունաստանում չուներ, վերադարձավ ու մի օր հետո պարզվեց՝ ունի: Ի՞նչ առողջական խնդիր է, որ համատեղելի է դեսպանի պաշտոնի հետ»:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ հիմա ինչքան էլ մարդկային եւ պրոֆեսիոնալ որակները բարձր լինեն, Արթուր Դավթյանը չի կարող բռնել մեր երկրում առկա կոռուպցիոներներին, թույլ չեն տալու, որովհետեւ խաղի կանոնները երկրում այլ են, այն երկրում, որտեղ հանցագործները կարող են ազատ շրջել, իսկ անմեղ մարդիկ հայտնվել ճաղերի հետեւում, չի հավատում բարի կամքի առաքյալների. «Խաղի կանոնը մինչեւ չփոխվի, մինչեւ քաղաքական որոշում չլինի ինչ-որ բան բարեփոխելու, միեւնույն է, 1-2 մարդկանցով ոչինչ չի փոխվելու»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Գեւորգ Կոստանյանի հրաժարականից հետո դիմել է Գալուստ Սահակյանին, որ խմբակցություններով քննարկում անեն, հասկանան, թե ինչու է հրաժարական տվել Կոստանյանը, որը ստացել էր ԱԺ-ի վստահությունը. «10 վարկած կա: Վարկածներից մեկն այն է, որ հիվանդ է, որ ՊՆ-ի մատակարարումների հետ է կապված եւ կամ Ռոբին Հուդն է, չի ցանկացել «Սասնա ծռերին» ահաբեկիչ որակավորումը տալ, եւ նրան հանել են: Այդ վերջին ռոբինհուդյան վարկածին, անկեղծ ասած չեմ հավատում, որովհետեւ նույն մարդը մեծ հաջողությամբ Լիսկայի կրիմինալ որդուն չտվեց ռոբինհուդյան նման ձեւակերպում: Մենք այդպես էլ ճշմարտությունը չիմացանք: Հիմա ի՞նչ երաշխիքներ ունենանք, որ վաղը ինչ-որ բան չեք անի եւ ձեր հետ էլ չի պարզվի, որ ձեր ճնշումը 180/120 է եւ դուք էլ չեք կարող պաշտոնավարել»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ի տարբերություն Կարեն Կարապետյանի, հույս ունի, որ գոնե Արթուր Դավթյանի հասցեին այդպիսի «զզվելի, լպրծուն, այլանդակ քծնանքներ» չեն լինի, թե նա մոլորակում կապեր ունի, Սինգապուր է դարձնելու Հայաստանը եւ այլն:
Վերջում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի կուսակցական պատգամավորները գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի նշանակման քվեարկությանը չեն մասնակցելու: Ավելին՝ ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն են պատրաստվում առաջարկել, որ այն պատգամավորները, որոնք այլեւս չեն կիսում խմբակցության դիրքորոշումը, ընդհանրապես վայր դնեն իրենց մանդատները:
Նրա այս հայտարարությունը դահլիճում ինչ-որ վիճաբանություն առաջացրեց ԲՀԿ-ականների մեջ: Նաիրա Զոհրաբյանը ելույթից հետո հակառակվող պատգամավորներին ասաց՝ համաձայն չեն, թող մանդատները դնեն, ինձ ձեռք չի տալիս սա: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ սաստեց. «Ներողություն, որ միջամտում ենք ձեր խմբակցության նիստին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ