«Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ոչ թե մտել է փակուղի, այլ վերադարձել է իր նորմալ վիճակին: Այսինքն, կողմերը եւ համանախագահները վերադարձել են «բնական» վիճակին, երբ ունենք իրարամերժ մոտեցումներ` հակամարտող կողմերից եւ հակասական դիրքորոշումներ` Մինսկի խմբի համանախագահների միջեւ»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, համանախագահների մոտեցումները որոշակիորեն չեն համընկնում, սակայն ոչ մեկը չի ցանկանում չափից ավելի լարվածություն մտցնել. «Հնարավոր էսկալացիան շարունակելու է մնալ որպես քաղաքական հեռանկար, թեեւ դժվար թե Ադրբեջանը գնա լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք էլ հնարավորություն կտային հաջողության դեպքում գրավել ամբողջ ԼՂՀ-ն: Ադրբեջանն էլ լավ է հասկանում, որ ռազմատեխնիկական եւ քաղաքական դժվարություններ կան: Բայց օգտագործելու համար ռազմական էսկալացիայի հավանականությունը որպես քաղաքական լծակ, տեսանելի ապագայում կարող է գնալ դրան»:
Մինչ այդ, քաղաքագետի դիտարկմամբ, գերտերությունները զբաղված են լինելու սիրիական հակամարտությամբ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններով, իսկ Ադրբեջանը` սեպտեմբերի վերջին սպասվելիք սահմանադրական բարեփոխումներով. «Աշնան կեսերին հստակ կլինի, թե ռազմաքաղաքական եւ դիվանագիտական գործողությունները որ հունով են գնալու եւ արդյոք կունենանք էսկալացիայի հավանականություն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ