«Նախկին կառավարությունը չէր կարող իրականացնել այն բարեփոխումները, որոնց պահանջն ունի հասարակությունը»,-կարծում է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր նա նշեց, որ ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանն ունի կապեր եւ ազդեցություն, բայց համարվում է ներկայիս իրավիճակից դուրս. «Նա մարդ է, որը պետք է ստանա որոշ չափով «քարտ բլանշի» հնարավորություն` երկրի նախագահից: Գլխավոր խնդիրը, որը կանգնած է լինելու նրա եւ նոր կառավարության առաջ, հետեւյալն է` փոփոխությունների անհրաժեշտությունը չի համընկնում ավելի լուրջ բարեփոխումների ակնկալիքների հետ, որոնք կան հասարակության եւ ընդդիմության կողմից: Այստեղ լուրջ խնդիրներ կառաջանան ապագայում, քանի որ «քարտ բլանշի» հասկացությունը Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի մոտ այլ է, քան սպասում է հասարակությունը: Այդ առումով Կարեն Կարապետյանի համար առաջիկա ամիսներին շատ դժվար է լինելու»:
Ըստ Սերգեյ Մինասյանի, գլխավոր պատճառը, թե ինչու հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, այն է, որ նա չի հանդիսանում այս համակարգի մաս. «Կան ակնկալիքներ, որ այդ իրավիճակում նրան ավելի հեշտ կլինի անել բարեփոխումներ: Այն բարեփոխումները, որոնց թվում է` պատրաստ է իշխանությունը»:
Քաղաքագետը համոզված է, որ չափազանց դժվար կլինի խորքային բարեփոխումներ անել, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ